ՌԴ-ում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ է հայտնաբերվել հետազոտություն անցած բնակիչների 14 %-ի մոտ

18:37 • 13.06.20

Ռուսաստանում մոտ 650 000 մարդ իմունոֆերմենտային հետազոտության մեթոդով թեստավորում է անցել կորոնավիրուսի հակամարմնի հայտնաբերման համար. իմունիտետ է հայտնաբերվել նրանց 14 տոկոսի մոտ:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Նրա խոսքով՝ թեստավորվածների մեծամասնությունը՝ 88 տոկոսը, Մոսկվայի բնակիչներ են, սակայն հետազոտությանն արդեն միացել են ընդհանուր առմամբ երկրի 47 շրջաններ:

«Այժմ «Ռոսպոտրեբնադզորն» ակտիվորեն պատրաստվում է ընդհանուր հետազոտություններ իրականացնել ՌԴ բնակչության շրջանում: Դա կօգնի պարզել, թե որքանով է մեր բնակչությունը բնական եղանակով պաշտպանված»,- նշել է Գոլիկովան:  

Մայիսի 27-ից Մոսկվայում մեկնարկել է հակամարմնի հայտնաբերման զանգվածային թեստավորման գործընթացը, որը կարող են անցնել բոլոր ցանկացողները:  

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 520 129 դեպք է արձանագրվել, մեկօրյա աճը կազմել է 8706 (+1,7%): Հիվանդությունից ՌԴ-ում մահացել է 6829 մարդ: