Google-ը ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի վարչապետների որոնումների ցանկից Ուինսթոն Չերչիլի լուսանկարի անհետացման կապակցությամբ (լուսանկարներ)

14:47 • 15.06.20

Google ընկերությունն օգտատերերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնորդների և Մեծ Բրիտանիայի վարչապետների որոնումների ցանկից Ուինսթոն Չերչիլի լուսանկարի անհետացման կապակցությամբ, գրում է Insider-ը։

Google-ը ներողություն է խնդրել կիրակի վաղ առավոտյան՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետների և Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնորդների որոնումների ժամանակ Ուինսթոն Չերչիլի լուսանկարների անհետացման մասին օգտատերերի հաղորդագրությունների:

Google Search Liaison թվիթերյան օգտահաշիվը գրառում է կատարել Google-ի որոնողական համակարգում սխալի մասին` բացատրելով, որ 1940-ից մինչև 1945 թվականը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում պաշտոնավարած Չերչիլի լուսանկարի անհետացումը կապված չէ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերի և ցույցերի ընթացքում ի թիվս այլ հուշարձանների՝ Չերչիլի հուշարձանի պղծման հետ։

Ընկերության խոսքով՝ նմանատիպ սխալներ տեղի են ունեցել նաև Ուիլսոնի, Մաքդոնալդի և այլ քաղաքական գործիչների հետ։

«Դա կանխամտածված քայլ չի եղել։ Ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության համար», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Չերչիլի լուսանկարի՝ Google-ի որոնման արդյունքների անհետացման հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լոնդոնում նախկին վարչապետի արձանը վերջերս տեղի ունեցած հակառասիստական ցույցերի ժամանակ ապամոնտաժվել էր։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը խայտառակություն էր որակել Չերչիլի արձանի պղծումը՝ այն անվանելով «ֆաշիստական և ռասիստական բռնապետությունից այս երկրի և ամբողջ Եվրոպայի փրկության գործում նրա ձեռքբերումների մշտական հիշեցում»:

«Այո, նա երբեմն կարծիքներ է հայտնել, որոնք եղել և մնում են անընդունելի մեզ համար, բայց նա հերոս է եղել, և նա լիովին արժանի է իր հուշարձանին»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք չենք կարող փոխել կամ գրաքննության ենթարկել մեր անցյալը։ Մենք չենք կարող ձևացնել, թե ուրիշ պատմություն ենք ունեցել։ Մեր քաղաքներում ու գյուղերում արձանները կանգնեցվել են նախորդ սերունդների կողմից։ Նրանք տարբեր հայացքներ ունեին, տարբեր պատկերացումներ բարու և չարի մասին։ Բայց այդ արձաններն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, մեզ պատմում են մեր անցյալի մասին։ Դրանք քանդելը նշանակում է ստել մեր պատմության մասին և աղքատացնել գալիք սերունդների կրթությունը»։

Winston Churchill photos disappeared from Google searches - InsiderGoogle to 'explore' why Churchill photo missing from search list ...Google faces backlash after Churchill photo disappears from search ...

Google-ը ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի վարչապետների որոնումների ցանկից Ուինսթոն Չերչիլի լուսանկարի անհետացման կապակցությամբ (լուսանկարներ)