Սեուլում հայտարարել են, որ չեն հանդուրժի «Փհենյանի անմիտ պահվածքը»՝ կոչ անելով «տարրական պարկեշտություն» դրսևորել
Հարավային Կորեան կարծում է, որ Փհենյանը, չլսելով Հարավային Կորեայի նախագահի ուղերձը և դրան կոպիտ պատասխանելով, անհեթեթ քայլերի է դիմել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուն Դո Հանը, գրում է ria.ru-ն։
Նա հիշեցրել է, որ Մուն Չժե Ինը հունիսի 15-ին առաջին միջկորեական գագաթնաժողովի 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է, որ չի կարելի վերադառնալ այն վիճակին, երբ կողմերը պատերազմի եզրին էին, և առաջարկել է երկկողմ հարաբերություններում բոլոր դժվարությունները լուծել երկխոսության և համագործակցության ճանապարհով: Ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության առաջին տեղակալ, երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույր Կիմ Յո Չժոնը հայտարարություն է հրապարակել, որում խստորեն քննադատել է նախագահի ելույթը:
«Մենք զգուշացնում ենք, որ չենք հանդուրժի Հյուսիսի նման անմիտ պահվածքը, որն իր հիմքում խարխլում է այն վստահությունը, որը հաստատվել է Հարավի և Հյուսիսի առաջնորդների միջև»,- նշել է Յունը:
Վերջում նա Հյուսիսային Կորեային կոչ է արել այսուհետ «տարրական պարկեշտություն» պահպանել։
Հիշեցնենք, որ 2018թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:
Նախօրեին Հյուսիսային Կորեան պայթեցրել էր ապառազմականացված գոտու մոտ՝ սահմանից հյուսիս գտնվող Միջկորեական կապի գրասենյակի շենքը՝ խորացնելով երկու երկրների միջև լարվածությունը։










