Որևէ առողջապահական խնդիր չի լուծվում, պարզապես մարդկանց տուգանելու կամ գուցե դիմակներ վաճառելու պրոցես է. Գ․ Գորգիսյանը՝ դիմակ չդնելու համար տուգանքի չափի հնարավոր բարձրացման մասին

16:33 • 07.07.20

Կարծում եմ, որ կորոնավիրուսի տարածման առկա թվերն ունենալու դեպքում վարչապետի այն հայտարարությունը, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգվի, իրավաչափ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առնվազն մեկ ամսով ևս արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի:

«Բայց խնդիրն ավելի խորքային է, այն, որ ճիշտ ժամանակին մարդիկ ճիշտ քայլեր չարեցին: Ամբողջությամբ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է և հիմա հետևանքների դեմ փորձում են գլխապատառ պայքարեն, բայց մի տեսակ ուշացած քայլերի է դա նմանվում, և չեմ կարծում, որ սպասված արդյունքը կունենանք»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ սահմանափակումներ կիրառելու համար արտակարգ դրություն է պետք և համաձայն չէ, որ օրենսդրական փոփոխությունները կարող են փոխարինել արտակարգ դրության ռեժիմին: «Շատ ավելի վտանգավոր կլինի, եթե առանց արտակարգ դրության Կառավարությունն իրավունք ունենա սահմանափակել մարդկանց հավաքների, ազատ տեղաշարժի իրավունքը և այլ ազատությունների, որոնցից հիմա զրկված են քաղաքացիները արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում»,-ասաց նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկում են դիմակ չդնելու դեպքում բաց տարածքում քաղաքացիներին տասը հազար դրամի փոխարեն տուգանել 20 հազար դրամով, իսկ փակ տարածքում՝ 50 հազար դրամով, Գևորգ Գորգիսյանը անընդունելի համարեց:«Դա անթույլատրելի է, որովհետև առանց այն էլ մարդկանց սոցիալական վիճակը շատ ծանր է, պետությունը շատ լուրջ թերացումներ ունեցավ մարդկանց աջակցություններ տրամադրելու հարցում և այդ ամբողջ աջակցությունների ծրագրերը ևս ձախողվել է: Մարդիկ չունեն այն եկամուտները, որոնք սովոր էին ունենալու, մարդիկ կան ընդհանրապես ապրուստի միջոցներից զրկվել են և որևէ աջակցություն չեն ստացել պետությունից, բայց պետությունը շարունակում է քաղաքացիներին տուգանելու քաղաքականությունը և դա ավելի խստացնելու: Ընդ որում, նախագծի հեղինակները չեն ներկայացրել հաշվարկներ, որոնք ցույց կտան, որ այն օրվանից ինչ խստագույնս պարտադրվեց քաղաքացիներին դնել դիմակ, վարակի տեմպերը նվազել են կամ գուցե մնացել է նույն տեմպի վրա»,-ասաց նա և նշեց, որ տուգանքի խստացումները տարակուսելի են, անընդունելի և ոչ համաչափ են:

Ինչ վերաբերում է իշխանության այն պնդմանը, թե իրենց նպատակը տուգանելը չէ, Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ քաղաքացիներին տուգանելու անհամաչափ և առողջապահության հետ կապ չունեցող պրոցես է սկսվել: «Հենց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց տուգանելն է նպատակը և եթե բնության գրկում միայնակ մարդուն տուգանում են, այստեղ որևէ առողջապահական խնդիր չի լուծվում, պարզապես մարդկանց տուգանելու պրոցես է սկսվել, կամ գուցե դիմակներ ծախելու պրոցես»,-ասաց նա: