Նախնական տվյալներով` աղտոտված արագիլների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ կարող է հաջորդել աղտոտումը

13:57 • 07.07.20

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։