Իրանում վերջին շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր արտադրական պայթյունն է տեղի ունեցել. կա առնվազն 2 զոհ
Իրանում վերջին շաբաթվա ընթացքում 4-րդ խոշոր արտադրական վթարն է տեղի ունեցել: Լույս հուլիսի 7-ի գիշերը մայրաքաղաք Թեհրանից մի քանի կիլոմետր դեպի հարավ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Իրանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ պայթյունը տեղի է ունեցել Բաքերշահրի Sepahan Boresh գործարանում. պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով` դեպքի հետևանքով առնվազն երկու աշխատող է մահացել, երեքը՝ վնասվածքներ ստացել:
Գործարանն ու հարևանությամբ տեղակայված Saipa Press կազմակերպության շենքը լրջորեն տուժել են: Saipa Press-ը զբաղվում է մեքենաների մասերի արտադրությամբ:
Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկայում տեղի ունեցած պայթյունը 19 մարդու մահվան պատճառ էր դարձել:
Երկու օր անց` հուլիսի 2-ին, իշխանությունները տեղեկացրել էին Նաթանզեում (Սպահանի մարզ) տեղակայված ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած «պատահարի» մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհեր չեն եղել:
Եվս երկու օր անց, հուլիսի 4-ին հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում տեղակայված էլեկտրակայանում պայթյունի հետևանքով տրանսֆորմատոր էր վառվել:










