Աղտոտված արագիլների խնդիրը, ըստ բնապահպանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետք է լուծի, վերջինիս ղեկավարն էլ պնդում է՝ հարցը միայն իրենց պատասխանատվության տակ չէ (տեսանյութ)

14:10 • 07.07.20

Յուղով պատված արագիլներին արդեն 3-րդ տարին է, որ կարելի է տեսնել Հայաստանի որոշ գյուղերի փողոցներում շրջելիս: Յուղապատ այս փետրավորները չեն կարողանում թռչել, դժվարանում են կեր հայթայթել, ինչի հետևանքով էլ արագ անկում են:

Այս անգամ յուղով պատված արագիլներին կարելի է հանդիպել Արարատի մարզի Նիզամի գյուղի փողոցներում: Ինչպես պատմում է գյուղի բնակիչ Դավիթ Եղիազարյանը, արագիլները դժվարանում են շարժվել յուղանյութի պատճառով․

«Ես նկատել եմ, որ արագիլները յուղոտվում են, հետո ճահիճներ մտնելով` կեղտոտվում են, դա նորմալ է, երբ թռչուները կեղտոտվում են, բայց երբ յուղոտված են լինում, դժվարանում են շարժվել»։

Թե որտեղ և ինչպես են աղտոտվում արագիլները, դեռ պարզ չէ, բնապահպան Սիլվա Ադամյանը պատմում է, որ արդեն 3-րդ տարին է, ինչ առնչվում են այս խնդրին, սակայն, թե՛ գիտական շրջանակներից, թե՛ տեսչական մարմիններից հստակ պատասխան ու լուծում չեն ստացել։ Բնապահպանի խոսքով՝ խնդրի համար պատասխանատվություն պետք է կրի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը. վերջինս պետք է հետազոտի ջրի աղտոտվածության մակարդակն ու դիտարկի ձկնաբուծարանների գործունեությունը:

«Կոնկրետ աշխատանքներ տեսչական մարմինը չի կատարել, ըստ իս` հետազոտություններ պետք է կատարվեն, այդ մարմինն է պատասխանատու նման դեպքերի համար, ակնհայտ է, որ ջրային տարածքները չեն աղտոտվում, բայց որտեղից է այդ յուղանյութը, պարզ չէ, իրենք չեն հայտնաբերում կամ էլ հայտնաբերում են ու չեն ուզում ասել»,-նշեց բնապահպանը:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ ինքն անձամբ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, բայց հարցին լուծում չի տրվել․

«Սա շատ լուրջ խնդիր է, ես կարծում եմ, որ այո, տեսչական մարմինը պետք է դրանով զբաղվի և շատ լուրջ զբաղվի, սա նույնքան լուրջ խնդիր է, որքան, օրինակ, գետերի աղտոտվածությունը, ուղղակի ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, անձամբ ես ուղարկել եմ ահազանգ տեսչական մարմին, ու ստանում ենք անհեթեթ պատասխաններ»․

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը, սակայն, չի հասկանում՝ ինչու են բոլորն իրենց հարցերն ուղղում հենց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, քանի որ այստեղ կան նաև այլ լիազորված մարմիններ, որոնք ևս կրում են պատասխանատվություն․ Նրա խոսքով՝ արագիլների աղտոտման խնդիրը բավականին խորքային է, որը երկար տարիների սխալ աշխատանքի հետևանք է:

«Խնդիրները, որ ես ասում եմ` աղբանոցներ, ձկնաբուծարաններ և սպանդանոցներ, ունեն տարիների սխալ աշխատանքի պատմություն, ոչ թե դա մեկ ամիս, այլ տարիների ընթացքում սխալ են աշխատել, և այդ ընթացքում առաջացել է ինչ–որ նյութ, որը նման տեղերում է հայտնվել, բայց հիմա լաբարատոր հետազոտություններից հետո պարզ կդառնա, թե այդ նյութը ինչից է առաջացել, աղբից, ձկնաբուծարանի, թե սպանդանոցի կատարած աշխատանքներից»․

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ արդեն կատարվել է ջրի հետազոտություն, որի պատասխանը մոտ մեկ շաբաթ հետո 90 տոկոս ճշգրտությամբ ցույց կտա՝ ինչ յուղանյութով են պատվում արագիլները, հետևաբար, կհասկանան՝ ինչպես լուծել խնդիրը: