«ԱՄՆ-ում կորոնավիրուսի մահացության ցածր մակարդակը որպես մխիթարանք ընդունելը համավարակի վերաբերյալ կեղծ պատկերացում է ստեղծում»․ ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը հակադարձել է Թրամփին
ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին սենատոր Դագ Ջոնսի հետ կորոնավիրուսի մասին առցանց քննարկման ժամանակ ասել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացության ցածր մակարդակը որպես «մխիթարություն» ընդունելը նպաստում է COVID-19 համավարակի վերաբերյալ «կեղծ պատկերացում ստեղծելուն», գրում է Business Insider-ը։
Ինչպես գրում է պարբերականը, թեև ԱՄՆ մի շարք նահանգներում դիտվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ, մահացության մակարդակը վերջին շրջանում հիվանդության դեպքերի թվի աճի ֆոնին համեմատաբար կայուն է մնում։
Այդ առնչությամբ սենատոր Դագ Ջոնսը նշել է, որ մահվան ընդհանուր թվի վրա ուշադրության կենտրոնացումը նման է «արջի ծառայություն մատուցելուն»։
«Մահացությունների տոկոսի նվազումը չի նշանակում, որ այս վիրուսը չափազանց լուրջ չէ։ Այն ոչնչացնում է կրթությունը, բիզնեսն ու կյանքը, քանի որ դեռ ներկա է մեր կյանքում»,- ասել Է Ջոնսը:
Ֆաուչին համաձայնել է Ջոնսի տեսակետի հետ՝ ասելով, որ կորոնավիրուսից մահացության ցածր մակարդակը որպես «մխիթարություն» ընդունելը նպաստում է COVID-19 համավարակի զարգացման վերաբերյալ «կեղծ պատկերացում ստեղծելուն»։
Թեև Ֆաուչին հրապարակավ չի մեկնաբանել իր հայտարարությունների և նախագահ Դոնալդ Թրամփի հայացքների միջև հակասությունը (ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի 99 տոկոսն անվտանգ է), նա ընդգծել է, որ, իր կարծիքով, «հանրային առողջապահության հետ կապված ցանկացած հարցի քաղաքականացումը բացասական հետևանքներ կարող է ունենալ, և այդ պատճառով էլ իրենյք փորձում են ամեն գնով թույլ չտալ քաղաքական հարցերի ներխուժումը»։










