Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա

05:24 • 08.07.20

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի և Բելգիայի բանաձևի վրա, որով առաջարկվում էր միջսահմանային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա սահմանային երկու անցակետերի աշխատանքը, հաղորդում է ТАСС-ը:

2014թ-ից գործող հատուկ ռեժիմը թույլ էր տալիս հումանիտար օգնության փոխադրումը Սիրիայի տարածք հեշտացված ընթացակարգով՝ գոյություն ունեցող 4 անցակետերի միջոցով: 2020թ. հունվարին այդ անցակետերից միայն երկուսի գործողության ժամկետը կես տարով երկարաձգվեց, և այդ բանաձևին Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան կողմ էին արտահայտվել: Իսկ այժմ ռուսական կողմը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանավորված այլևս երկու անցակետի պահպանման անհրաժեշտություն չկա, և հումանիտար օգնությունը հնարավոր է մատակարարել մեկ անցակետի միջոցով, իսկ դրան դեմ են արևմտյան պետությունները:

Ըստ այդմ, ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան հայտարարել է, որ Գերմանիայի և Բելգիայի առաջարկած բանաձևի փոխարեն ռուսական կողմն այլընտրանքային բանաձև առաջ կքաշի, որով կառաջարկվի երկարաձգել սահմանային միայն մեկ անցակետի՝ Բաբ-էլ-Հավայի գործողության ժամկետը: