Մայիսին օտարվել է 3816 անշարժ գույք՝ ապրիլի համեմատ 3․3 անգամ ավելի․ ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին
2020 թ-ի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 11 507 իրավունքի պետական գրանցման գործարք։ Ամենից շատ՝ 40․6 % գործարքները գրանցվել է բնակարանների, իսկ առավել ցածրը՝ 2․9 %` արտադրական նշանակության շինությունների նկատմամբ։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կադաստրի կոմիտեի՝ «ՀՀ անշարժ գույքի շուկան 2020 թ-ի մայիսին» ամենաթարմ վերլուծությունից։
Անշարժ գույքի շուկայի վերլուծությունը կատարվել է՝ հիմք ընդունելով 2020 թ-ի մայիս ամսվա ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների վերաբերյալ տվյալները և անշարժ գույքի առաջարկի շուկայից հավաքագրված տեղեկությունները։
Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 32․4 %, իսկ առավել ցածրը՝ Վայոց Ձորի մարզում՝ 2․7 %:

2020 թ-ի մայիսին հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2020 թ-ի ապրիլի համեմատ աճել է 4 անգամ։ Այսինքն, ապրիլին սահմանված խիստ սահմանափակումներից հետո մայիսին անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժություն է նկատվել, սակայն եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պատկերը հակառակն է․ 2019 թ-ի մայիսի համեմատ գործարքները նվազել են 27․9 %-ով։
Ապրիլի համամետ աճ, սակայն նախորդ տարվա մայիսի համեմատ նվազման ցուցանիշները արձանագրված են թե՛ վարձակալության, թե՛ օտարման գործարքներում։ Օրինակ, 2020 թ-ի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 809 վարձակալության գործարք, որն ապրիլի համեմատ ավելի է 3․1 անգամ, իսկ 2019 թ-ի մայիսի համեմատ՝ նվազել 26․1 %-ով։ Վարձակալության գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 42․4 %, գրանցվել է Երևան քաղաքում, իսկ առավել ցածր՝ 2․8 %` Արմավիրի մարզում։
Բայց 2020 թ-ի մայիսին ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 33․2 %-ը, գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը՝ 1․4 %-ը՝ օրինականացման գործարքների նկատմամբ։ Քանակական բաշխվածությամբ՝ անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 3816 օտարման գործարք․ օտարման գործարքների քանակը 2020 թ-ի ապրիլի համեմատ աճել է 3․3 անգամ, 2019 թ-ի մայիսի համեմատ՝ նվազել 33․1 %-ով։
Մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տոկոսային և քանակական բաշխվածությունը ըստ տեսակների․












