Աղբանոցի ճանապարհը 1 կմ ձգվում է, աղբը լցնում են մեր տարածք, այրում են ու ծուխը լցվում է մեր տները. Վեդիի բնակիչները պահանջում են խնդրին լուծում տալ
Վեդի քաղաքում բնակիչները բողոքի ակցիա են անում, նրանք բողոքում են, որ աղբավայրից դեպի այգի տանող ճանապարհը, որը շուրջ 200 հեկտար հողատարածք է, ամբողջությամբ աղբով է պատված:
Բնակիչները նշում են, որ հատկապես առավոտյան ծուխը անտանելի է, ամբողջ քաղաքը ծխի մեջ է և երեկոյան չեն կարողանում տանից դուրս գալ, քամին ծուխը տարածում է բակ:
Բնակիչ Ավետիս Մարջանյանը նշում է, որ խնդիրը միշտ է եղել և մինչ օրս լուծում չի տրվել.
«Ամեն տեղ դիմել ենք, ասում ենք, որ այս օդը մեր երեխաները շնչում են, ասում են կմաքրենք, անընդհատ վառում են կրակը և ծուխ առաջացնում, իսկ այդ ճանապարհով դաշտատերերն են անցնում: Այդտեղ մոտ 200 մ հողատարածք կա: Իրենց պետք է, որ աղբը վառեն չերևա, բայց չեն մտածում, որ մեր երեխեքի կյանքի հետ են խաղում: Ամբողջ տարածքը աղբանոց է դարձել, բոլոր կողքի գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդը չի կարողանում հող մշակել»,-նշեց բնակիչը:
Ավետիս Մարջանյանը նշեց, որ դիմել են քաղաքապետին, սակայն նա ասել է, որ ոչնչով չի կարող օգնել.
«Դիմել եմ բոլորին, ասել եմ եկեք այս հարցը լուծեք: Այստեղ շատ ճանճեր կան: Զանգում եմ աղբի հարցերով զբաղվող տնօրերնին ասում է այդ հարցը կլուծեմ, բայց 15 օր է վառվում է: Մեղք են այս ժողովուրդը, միշտ նույնը ասել չի կարելի:
Աղբանոցի ճանապարհը 1 կմ ձգվում է, բերում են աղբը լցնում են մեր տարածք, այրում են ու ծուխը լցվում է մեր տները: Հողատերերն էլ են դժգոհում ՝այդ վառվող աղբի հոտից հնարավոր չէ աշխատել: Հետո ասում են մնացեք մեր երկրում, բայց սենց ո՞նց մնանք»:
Բնակիչ Վարդանը նշում է, որ իր տունը շատ մոտ է աղբանոցին․ երեկոյան, երբ քամի է լինում, ծուխը տարածվում է, երեխաները չեն կարողանում բակ դուրս գալ.
«Այդ մասում հողատարածք ունենք, ծխի պատճառով չենք կարողանում մշակենք, մենք խնդրում ենք, որ հարցի լուծում լինի, աղբը հեռացնեն, ճանապարհը սարքեն, ինչ է փող չկա, որ անեն»,-ասաց բնակիչը:
Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը հանդիպեց քաղաքացիներին: Նրա խոսքով՝աղբավայրը «Մաքուր երկիր» ՍՊԸ-ինն է: Աղբավայրը սպասարկում է ոչ միայն Վեդին, այլև հարակից 14 համայնքները.
«Այս պահին քաղաքում կառուցվում է աղբի տեսակավորման գործարան, որը խնդրի լուծման միտված գործընթաց է: Այդ գործարանի աշխատելուց հետո խնդիրը կլուծվի: «Մաքուր երկիր» ՍՊ-ի տնօրինությունը, որոնք իրականացնում են ծրագիրը մոտավորապես հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պետք է գործարկեն գործարանը»,-նշեց քաղաքապետը:
Բարսեղյանը ասաց, թեև խնդիրը կա երկար ժամանակ, բայց չեն ցանկանում այլ տեղ աղբի համար ստեղծել. «Կան մարդիկ, որոնք աղբամանից ինչ որ բաներ են հանում վաճառում, և անզգուշության հետևանքով հրդեհ է առաջանում, կամ էլ շոգից հրդեհվում: Աղբը պետք չէ հրդեհել, պետք է ծածկել հողի տակ, բայց հրդեհվում է պատահական: Պետք է արգելապատնեշ դնեն, որ չմտնեն տարածք մինչև հիմնական լուծումներ տրվեն»:
Հարցին՝ մինչ այդ ի՞նչ պետք է արվի, որ շոգին գարշահոտը չտարածվի, քաղաքապետը նշեց, որ խնդիրը արմատական քննարկման կարիք ունի և ժամանակի ընթացքում միայն հնարավոր է լուծել:
Ոստիկանության բաժնի պետի տեղակալը, մոտենալով ակցիայի մասնակիցներին, ասաց, որ բողոքի ակցիա չիրականացվի, այլապես համապատասխան պատասխան կստանան ոստիկանության կողմից:










