«Կորոնավիրուսն արմատախիլ անելը քիչ հավանական է»․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն արմատախիլ անելը քիչ հավանական է, գրում է Reuters-ը։
«Ներկա իրավիճակում մենք դժվար թե կարողանանք արմատախիլ անել այդ վիրուսը»,- ասել է նա Ժնևում կայացած առցանց զրույցի ժամանակ:
Նա նշել է, որ, կանխելով վարակի զանգվածային դեպքերը, «աշխարհը երկրորդ ալիքի և սահմանափակումների չեղարկումից հետո կարող է խուսափել վատագույնից»։
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի տարածման դեպքեր են արձանագրվել 213 երկրներում։ ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 563 261 մարդ, վարակվել 12 647 033-ը:










