Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

23:46 • 11.07.20

Վրաստանի քաղաքացին, որը խախտել է Հարավային Օսիայի հետ սահմանը, կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հարավօսական պետական անվտանգության կոմիտեին:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից միևնույն ժամանակ հայտնել են, որ երկրի քաղաքացուն ոտքից վիրավորել են ցխինվալյան ուժայինները բաժանարար գծի մոտակայքում ձերբակալելիս:

Նշվում է, որ վիրավորված անձը 1987 թվականին ծնված Կախալաձե Զազան է, որը հատելով պետական սահմանը՝ շարժվել է դեպի Հարավային Օսիայի տարածք: Նշվում է, որ իրավախախտը մի քանի կրակոց է արձակել սահմանապահների ուղղությամբ իր մոտ գտնվող 12 մմ տրամաչափի հրացանից:

Հարավօսական գերատեսչության տվյալներով՝ սահմանապահները պատասխան կրակ են բացել, այնուհետև ձերբակալել են: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Վերջինիս վիճակը գնահատվում էբավարար և կայուն: