Եթե կա ցանկություն և գիտակցություն, թե ինչու է պետք բացել մշակութային կենտրոնները, ապա միշտ կարելի է ձևը գտնել. Ռուբեն Բաբայան
Փակ են մշակութայի բոլոր կենտրոները՝ թանգարանները, համերգասրահները և ստեղծագործական աշխարհն էլ տեղափոխվեց վիրտուալ կյանք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
«Ամեն մի թատրոն իր հնարավորությունների չափով, և՛ տեխնիկական, և՛ ստեղծագործական առումով փորձում է լրացնել այդ բացը, ոչ միայն ներկայացումներ ցուցարելով, այլև պատրաստելով որոշակի հաղորդումներ, որոնք կրում են կրթամշակութային բնույթ»,- ասաց Բաբայանը։
Նա ասաց որ մշակութային խնդիրը մասնագիտական դաշտից փոքր-ինչ ավելի լայն հարթության մեջ է։
«Կարծում եմ, որ մշակույթի բացակայությունը մեր կյանքում բերում է ատելության և ագրեսիվության աճի։ Բոլոր դեպքերում մշակույթը ոչ միայն արվեստ է, այլև մարդկանց հարաբերակցվելու և արժեքային համակարգ ստեղծելու, այդ արժեքային համակարգով առաջնորդվելու ձև է», ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ հանրությունը երկար ժամանակ դուրս է մնացել մշակույթից և չի այցելում համերգասրահներ, ներկայացումներ, պատկերասրահներ, կինոթատրոններ, թանգարաններ ինչի հետրանքով հասարակունը չափից ավելի քաղաքականացվում է։
«Մշակութային կյանքի բացակայությունը մարդու հոգեկան առողջությանը հասցնում է մեծ հարված։ Խոսքը ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգական առողջության մասին է, ես նկատի ունեմ մարդկանց սթրեսային վիճակը, գերլարված վիճակը»,- ասաց Բաբայանը։
Նրա կարծիքով՝ զուր չէ, որ բամաթիվ երկրներում փորձում են օր առաջ շուտ բացել թատրոնները, պատկերասրահները, թանգարանները և համերգային դահլիճները։
«Կարծում եմ պետք է փնտրել ճանապարհ բացելու մշակութային կենտրոնները։ Մենք փորձում ենք գտնել այդ ճանապարհները։ Օրեր առաջ թատրոնների տնօրենների խորհրդով նախարարությունում բարձրաձայնեցինք այդ հարցը, փոխնախարարը համաձայնեց մեզ հետ, որ օր առաջ պետք է բացել մշակութային կենտրոնները»,-ասաց Ռուբեն Բաբայանը։
Նա տեղեկացեց նաև, որ փորձում են ձևավորել գործողությունների քարտեզ, թե ինչպես են հետագայում պատրաստվում աշխատել կամ ինչպես են պատկերացնում մշակութային կենտրոնների աշխատանքը։
«Կարծում եմ՝ մի քանի ձև կա և ոչ թե մեկը մյուսին բացառում է, այլ մեկը մյուսին լրացնում է։ Դրանք են բացօթյա ներկայացումները, կարծում եմ՝ նաև բացելով դահլիճները, բայց ծանրաբեռնելով միայն 1/3-րդը կամ 1/4-րդը, տեղադրել ախտահանող նյութեր, ամեն ներկայացումից առաջ ու հետո ախտահանել դահլիճները, ցուցադրել այնպսիսի ներկայացումներ, որ մինիմալի հասցված լինի դերասաների միջև ֆիզիկական շփումը, հանդիսատեսին ընդունեն ջերմաչափելով և դիմակներով»,-ասաց Բաբայանը։
Նրա կարծիքով, եթե կա ցանկություն և գիտակցություն, թե ինչու է պետք բացել մշակութային կենտրոնները, ապա միշտ կարելի է ձևը գտնել։
«Թատերաշրջանի սկիզբը, որը բոլոր թատրոններում սեպտեմբերին է, կարծում եմ, որ այդ ժամանակ արդեն կարող ենք բացել դռները։ Հուսանք, որ նախարարությունը մշակութային օջախները բացելու առաջարկությամբ պարետատանը կդիմի։ Այստեղ արդեն համոզելու հարցն է։ Գուցե պետությունը կարողանա թատրոնների համար, ելնելով այս ծանր ֆինանսական վիճակից, գնել այդ ախահանման նյութերը, ապահովել համապատասխան սարքավորումներով, որով մենք կկարողանանք այդ ախտահանումը անել, պետության դերն այստեղ առաջին հերթին տեսնում եմ ոչ այդքան ֆինանսական և առարկայական ինչքան գիտակցման մեջ, որ սա շատ կարևոր է մեր երկրի հոգեկան առողջության համար»,- ասաց Բաբայանը։
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ պետք չէ միանգամից բոլոր թատրոնները բացել, անհրաժեշտ է նրանք, որոնց դահլիճը մեծ է և կկարողանան հյուրընկալել այլ թատրոնների։ Նա նաև ասաց, որ պետական աջակցության հիմքում ակնկալում է, որ թատրոններին այս շրջանում կազատեն ավելացրած արժեքի հարկից, քանի որ այս պարագայում հասկանալի պատճառով տոմսերը կարող են թանկանալ, իսկ եթե հարկերն այս շրջանում հանվեն, ապա տոմսերի արժեքը չի թանկանա։ Ի դեպ, յուրաքանչյուր տոմսից 20 տոկոս թատրոնը վճարում է որպես ԱԱՀ։










