«Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի կրոնական բազմազանության խորհրդանիշ լինել». Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը

16:28 • 12.07.20

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի Պետական խորհրդի` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Լե Դրիանը հայտարարել է, որ Սուրն Սոֆիայի տաճարը պետք է պահպանվի որպես կրոնական բազմազանության և հանդուրժողականության խորհրդանիշ:

«Մենք մեծ ափսոսանքով ենք ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը: Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է շարունակի կրոնական բազմազանության և հանդուրժողականության խորհրդանիշ լինել»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: