Լեհաստանում հուլիսի 12-ին անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր` հուլիսի 12-ի առավոտյան Լեհաստանում բացվել են ընտրատեղամասերը, երկրում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով 09:00-ին) և կփակվեն 21:00-ին (23:00): Միայն ընտրատեղամասերի փակումից հետո կհայտարարվեն exit poll-ի առաջին տվյալները:
Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին իրավունք ունի մասնակցելու շուրջ 30 միլիոն քաղաքացի: Ընտրությունների անցկացման համար բացվել է շուրջ 27 000 ընտրատեղամաս, այդ թվում` արտերկրում:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրությունները անցկացվում են խառը ձևաչափով. ընտրատեղամասեր այցելել չցանկացող քաղաքացիները իրենց ձայները կարող են տալ փոստի միջոցով:
Ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող ղեկավար, իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան և ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին:
Ընտրությունների առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների 43,5%-ը, Տշասկովսկին` 30,46%-ը:
Երկրորդ փուլում հիմնական պայքարը ծավալվել է անկախ թեկնածու, լրագրող և հասարակական գործիչ Շիմոն Հոլովնյայի ձայների համար, որն առաջին փուլում զբաղեցրել էր 3-րդ տեղը` 13% ձայներով և չորրորդ տեղը զբաղեցրած Քշիշտոֆ Բոսակի ձայների համար, որն առաջին փուլում հավաքել էր 7,5%:










