«Կա՛մ երկրին խաղաղություն տալ, կա՛մ ներողություն խնդրել ու հրաժարական ներկայացնել». Ուկրաինայի ռադայում երկրի նախագահից ու իշխող թիմից պահանջել են ընտրություն կատարել

14:35 • 12.07.20

Ուկրաինական «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» քաղաքական կուսակցությունը երկրի խորհրդարանի հարթակից նախագահ Վլադիմիր Զելենսկիից և իշխող թիմից պահանջել է կամ երկրին խաղաղություն տալ կամ ներողություն խմդրել ու հրաժարական ներկայացնել: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության կայքից:

Ընդդիմադիր պատգամավորները հիշեցրել են, որ Ուկրաինայում խաղաղությունը համարվում է ժողովրդի գլխավոր պահանջը, որը մինչև այժմ չի կատարվել: Զելենսկին անցյալ տարի նախագահական ընտրություններին հաղթել է «խաղաղություն մեկ տարում» կարգախոսով, սակայն «Զելենսկու իշխանությունը դարձել է Պորոշենկոյի իշխանության կլոնը», իսկ ուկրաինացիները խաբվել են:

«Այժմ Ուկրաինայի գլխավոր բանակցողները խափանում են Մինսկի համաձայնագրերը` խաղաղ կարգավորման միակ իրավական հիմքը և պատրաստում են ուկրաինական հասարակությանը անվերջ հակամարտության Դոնբասում: Երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը հերթական հարցազրույցում նշել է, որ Դոնբասի` Ուկրաինային վերաինտեգրոմը կպահանջի մոտ 25 տարի և կոչ է արել ուկրաինացիներին հաշտվել դրա հետ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ըստ խորհրդարանականների՝ նման հայտարարությունները ցույց են տալիս իշխանությունների կողմից խաղաղության ձգտման պակասը, «այս կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր հիմնական քաղաքական առաքելությունը»:

««Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակը» կարծում է, որ այս քաղաքական թիմի հետագա ղեկավարումը հակասում է ուկրաինացի ժողովրդի և պետության շահերին: Ոչ ոք Վլադիմիր Զելենսկիին և նրա դրածոներին մանդատ չի տվել, որպեսզի քառորդ դար երկիրը տանեն հակամարտության անապատով: Ժամանակն է ընտրություն կատարելու. կա՛մ երկրին խաղաղություն տալ, կա՛մ ներողություն խնդրել ու հեռանալ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ: