ԲՀԿ-ն նախագիծ է ներկայացնում, որով առաջարկում է չեղարկել հավաքների իրականացման սահմանափակումները․ այն մշակվել է ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ. Արման Աբովյան

19:05 • 13.07.20

ԲՀԿ-ն ներկայացնում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել կառավարության կողմից հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա նշեց, որ փաստաթղթի շուրջ աշխատել են արտախորհրդարանական գործընկերների՝ «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հետ, և փաստաթուղթն այդ քննարկումների ժամանակ է մշակվել:

«Ազգային ժողովը ՀՀ Սահամանդրության 120-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածով և Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդածի երկրորդ մասով կարող է չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեվսած միջոցառումների իրականացումը»,- ասաց նա:

Աբովյանն ընդգծեց, որ այս նախագծով առաջարկվում է առհասարակ հանել հավաքների և այլ հանրային միջոցառւոմների իրականացման արգելքը. «Քանի որ ԱԺ-ն ներկայումս զրկված է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հնարավորությունից, այդ իսկ պատճառով առաջարկ է արվում՝ չեղարկել դրանում առկա միջոցառումներից մի քանիսը»,- նշեց նա: