Ես սա որակում եմ քաղաքական ճնշում, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Անի Հովհաննիսյանը՝ «ՎԵՏՕ» շարժման անդամներին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)

17:53 • 13.07.20

Ոստիկաններն ասացին՝ կանգնեք և մարդիկ կանգնեցին, իջան մեքենայից և ինչ-որ մեկը ասաց՝ հավաքեք, և բոլորին սկսեցին ասֆալտին ծեփելով, շատ բռնի, կոշտ մեթոդներով բերման ենթարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անալիտիկ» կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման անդամների արդեն այսօր երկրորդ անգամ բերման ենթարկելու:

«Ես սա որակում եմ որպես քաղաքական ճնշում, մարդու իրավունքների կոպտագույն խախտում»,-ասաց նա  և նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի: Ըստ նրա՝ հերթական անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց, որպեսզի հավաքի անցկացումը չթույլատրվի:

«Ցավում եմ, որ ոստիկանությանը նման խղճուկ վիճակում են դրել և ստիպում են նման ստորացուցիչ գործողությունների դիմել»,-ասաց նա:

 «ՎԵՏՕ» շարժման անդամները և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ երբ իրենց բերման էին ենթարկում, պատշգամներից մարդիկ ասում էին՝ այդ ինչ եք անում:  «Իհարկե մենք կարևորում ենք կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց երբ արտակարգ դրությունը տարածվում է միայն ցույցերի հետ կապված, ես կարող եմ երաշխավորել, որ մեր ցույցերի ժամանակ հակահամաճարակային պայմանները պահպանվում են շատ ավելի լավ, քան ցանկացած պետական հիմնարկում»,-ասաց նա: