Չինաստանում ավտոբուսի վարորդը «կյանքից դժգոհ լինելու պատճառով» դիտավորյալ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում՝ դառնալով 21 մարդու մահվան պատճառ (տեսանյութ, լուսանկարներ)
Անցյալ շաբաթ Չինաստանի Գույչժոու նահանգում ավտոբուսի վարորդը դիտավորյալ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում՝ դառնալով 21 մարդու մահվան պատճառ՝ կառավարության կողմից իր վարձակալած բնակարանը քանդելու որոշման համար վրեժխնդրությունից դրդված: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը, գրում է South China Morning Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:45-ին, երբ մայրուղով ընթացող ավտոբուսը նախ նվազեցրել է արագությունը, իսկ հետո կտրուկ թեքվել է՝ քանդելով ճանապարհային պատնեշները և ընկնելով Անհշուն քաղաքի ջրամբարը: Արտակարգ պատահարի հետևանքով 21 մարդ զոհվել է, այդ թվում՝ վարորդը․ ևս 15-ը վիրավորվել են։
Հետաքննության արդյունքների համաձայն՝ 52-ամյա վարորդը դեպքի օրը՝ առավոտյան, ալկոհոլ է օգտագործել։ Նրա գործողությունների շարժառիթը, ըստ ոստիկանության հայտարարության, կյանքից դժգոհությունն ու կառավարության կողմից իր տունը քանդելու որոշումն է եղել։
Ոստիկանության տվյալներով՝ վարորդը բնակվել է իր համար գործատուի վարձակալած տանը։ Հունիսին նա տեղական իշխանությունների հետ համաձայնագիր է կնքել վերակառուցման ծրագրի շրջանակում մեկ այլ տուն տեղափոխվելու մասին, սակայն նախքան տղամարդը կկարողանար իր համար նոր բնակարան գտնել, նրան հաղորդել են շինությունը քանդելու մասին։
Նա զանգահարել է թեժ գիծ և դժգոհություն հայտնել տան քանդման և այլ բնակարան վարձակալելու անհնարինության վերաբերյալ։
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։














