Հայկական կողմը կարող է չեզոք գոտում նոր բարձունքներ նվաճել, ավելին՝ հակառակորդի հենակետերը վերցնել. Արտաշես Մխիթարյան (տեսանյութ)

16:05 • 13.07.20

Յուրաքանչյուր հակամարտող կողմ բոլոր ժամանակներում ցանկանում է բարելավել իր դիրքերը, ավելի բարենպաստ հենակետեր գրավել, և սա թշնամու հերթական նման փորձն էր. ուզում էին հետագայում պարծենալ, թե իբր մի հողակտոր են «հետ բերել»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել պահեստազորի գնդապետ, Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ Արտաշես Մխիթարյանը:

«Հակառակորդի նման գործողություններին պետք է հակահարված տալ, ավելին՝ ինչպես պաշտպանության նախարարն է ասել՝ մեզ համար ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել: Զորամասի և զորամիավորման հրամանատարը փայլուն կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Պետական սահմանի պահպանության մասին որոշման մեջ նախանշված է՝ ինչ գործողություններ ձեռնարկել դիրքի կամ հենակետի վրա հարձակման դեպքում, և մեր զինծառայողներն ամբողջապես արժանի հակահարված են տվել սադրանքին»,- ասել է գնդապետը:

Ըստ Մխիթարյանի՝ հայկական զինուժը կարող է ոչ միայն չեզոք գոտում նոր բարձունքներ նվաճել, այլև հակառակորդի հենակետերը վերցնել. նման հաջող փորձեր մեր բանակը ժամանակին իրականացրել է Տավուշում և Նախիջևանում. «Ադրբեջանցիները հրետանու կրակային դիրքերը տեղակայում են բնակավայրերում կամ դրանց մոտ, և մենք դրանք ոչնչացնելիս, ոչ մեր մեղքով, կարող է վնասենք նաև քաղաքացիական կառույցները կամ վիրավորում պատճառենք խաղաղ անձանց: Մեկ բան հստակ է՝ ոչ միայն Տավուշում տեղակայված, այլև մյուս բոլոր զորամիավորումներն արժանի հակահարված կտան ցանկացած ագրեսիայի»:

Գնդապետի կարծիքով՝ նույնիսկ առավել լայնածավալ գործողությունների դեպքում մեր զինուժը պահեստազորով համալրման կարիք չի ունենա, անգամ այլ զորամիավորումներից զորք բերելու կարիք չի լինի. «Սա հերթական սադրանքն է, այն ընդլայնելու, շարունակելու տարբերակ հակառակորդը չի ունենա: Մենք հնարավորություն ունենք մարտական գործողությունները տեղափոխելու հակառակորդի տարածք, ընդհուպ՝ մինչև խորը թիկունք: Առանց օգնական ուժերի և լրահամալրման՝ մեր ԶՈՒ-ն ունակ է նման մարտական խնդիր իրականացնել: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, նրանցից չարժե որևէ բան ակնկալել, կարևորն այն է, որ մեր Զինված ուժերն ամբողջապես վերահսկում են իրավիճակը»:

Արտաշես Մխիթարյանի պնդմամբ՝ սահմանամերձ տարածքներում նոր դիրքերի նվաճումն անհրաժեշտություն է, քանի որ հայկական բնակավայրերը պետք է զերծ մնան անգամ հրաձգային զենքի կրակոցներից. «Ադրբեջանում խաղաղ բնակչության կյանքը որևէ նշանակություն չունի, նրանք ռազմական գործողություն ձեռնարկելիս չեն մտածում քաղաքացիների կյանքի մասին: Նրանց չորս զոհերն իրենց համար որևէ նշանակություն չունեն, սա մի հերթական գործողություն էր թշնամու համար, որը, սակայն, կատարելապես ձախողվեց»:

Գնդապետի պնդմամբ՝ նման սադրանքներ առաջիկայում դարձյալ լինելու են, մեր զգոնությունը երբեք չպետք է թուլացնենք: «Մեր ինժեներաամրաշինական աշխատանքներն ամենօրյա են, զորքերի բարոյակամային որակը բարձր է: Ադրբեջանը կարող է նման քայլերով շեղել մեր ուշադրությունը, իսկ գլխավոր հարվածը հասցնել Արցախին: Բայց Արցախում բացառվում է, որ հակառակորդը որևէ տեղաշարժ անի և չարժանանա մեր զինվորների կտրուկ քայլերին»,- ամփոփել է պահեստազորի գնդապետը:



Դավիթ Սարգսյան