Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

16:24 • 13.07.20

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նա։

Ավելի վաղ հաղորդվել էր մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկանի թեթև վիրավորում ստանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև այսօր։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,-ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը կորուստներ ունի, արդեն պաշտոնապես հաստատվել է 4 զոհի մասին։