120 մմ տրամաչափի ականանետից արձակված արկեր՝ Չինարիի ուղղությամբ, 5 վիրավոր․ Տավուշի ուղղությամբ լարվածությունը պահպանվել է նաև այսօր

17:33 • 13.07.20

Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,-գրել է Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը Tert․am-ին տեղեկացրել էր, որ հայկական կողմից թեթև վիրավորում է ստացել 3 զինծառայող, իսկ ավելի վաղ հաղորդվել էր ևս 2 վիրավորի մասին․ նրանք մարտական հերթապահություն իրականացնող ոստիկաններ են։ Բոլոր 5 վիրավորների վնասվածքները թեթև են, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև այսօր։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,-ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։