Կգա ժամանակը և կիմանաք, թե ինչո՞ւ են նման մեղադրանքներ առաջադրվում և ովքեր են այս մեղադրանքների հետևում կանգնած․ փաստաբանը՝ Ա. Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ

18:11 • 13.07.20

Այսօր նշանակվելու է Արամ Վարդանյանի կալանքի վերահաստատման վերաբերյալ դատական նիստ, ժամը դեռևս հայտնի չէ. լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը պարզաբանեց, որ առկա էր դատարանի որոշում, նրա  նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նրա հավաստմամբ՝ նշվում է, որ Արամ Վարդանյանը  հետախուզման մեջ էր, բայց իրենք  բազմիցս բարձրացրել ենք այն հարցը, որ Արամ Վարդանյանին,  երբ հրավիրել են վարույթ իրականացնող մարմին, նա միշտ ներկայացել է:

«Արամ Վարդանյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ երկու անգամ է նման միջնորդություն իրականացվել: Մեկ անգամ առաջին ատյանի դատարանը բավարարել է միջնորդությունը  և հետո Վերաքննիչ դատարանը այդ որոշումը բեկանել է, հետագայում դատախազը այդ միջնորդությունից հրաժարվեց և նոր միջնորդություն ներկայացրեցին՝ նոր մեղադրանք ներկայացնելով:

Այս պարագայում Առաջին ատյանի դատարանը նրան առաջադրված 4 մեղադրանքներից 3-ով ճանաչեց, որ հիմնավոր կասկածը առկա չէ, մեկ մեղադրանքով գտավ, որ առկա է, սակայն որոշման մեջ որևէ պատճառաբանություն չներկայացրեց և գտավ, որ նրա նկատմամբ կալանքը պետք է ընտրվի՝ որպես խափանման միջոց: Այդ որոշումը մեր կողմից բողոքարկվել է և վաղը Վերաքննիչ դատարանում նշանակված է այդ բողոքի քննությունը»,-նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նշում է, որ իր համար անհասկանալի է ոստիկանության տարածած այն տեղեկությունը, թե Ա. Վարդանյանին հայտնաբերել են Արցախի տներից մեկում, քանի որ իրենք մշտապես բարձրաձայնել են, որ Արամ Վարդանյանը պատրաստ է ներկայանալ դատական նիստերին, եթե դատարանը համարի, որ անհրաժեշտություն կա, սակայն դատավորները նրա ներկայությունը դատական նիստերին անհրաժեշտ չեն համարել:

«Ոստիկանությունը տարածել էր տեղեկություն, որ իբրև Արամ Վարդանյանին հայտնաբերել են Արցախի փողոցի ինչ- որ տներից մեկում,  և չեն ասել այն մասին, որ նա գտնվել է իր սեփական տանը և նա ասել է, որ եկել եք, լավ եք արել, հիմա ասեք՝ ինչ եք ուզում ինձանից: Սա բացառիկ իրավիճակ է, երբ ասում ես՝ ասեք ուր գանք, եթե անհրաժեշտություն կա, իրենք հայտարարում են, որ անձը գտնվում է հետախուզման մեջ: Հիմա էլ իբրև թե հետախուզվող անձի են հայտնաբերել»,- ասաց նա:

Լուսինե Սահակյանը նշեց, որ այսօր դատարանը հնարավորություն ունի ստուգելու այդ փաստերը և տեսնելու արդյոք նրա նկատմամբ  կալանքը պետք է ընտրվի, որպես խափանման միջոց և կա՞ արդյոք հիմնավոր կասկած:  

Նա ընդգծեց, որ անձին նման կերպ բերման ենթարկելը, տեսանկարահանել և տարածելը  դա իրավունքի կոպիտ խախտում է.

«Բազմաթիվ ապացույցներով հիմնավորվում է ինչպիսի ակնհայտ շինծու մեղադրանքներ են առաջադրված: Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնք դա հիմնավորում են: Կգա ժամանակը և դուք կիմանաք, թե ինչու են նման մեղադրանքներ առաջադրվում և ովքեր են այն կազմակերպիչները, որոնք այս մեղադրանքների հետևում են կանգնած»,- նշեց Լուսին Սահակյանը:

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ ունի թե ոչ, փաստաբանը նշեց, որ քաղաքականության ենթատեքստ կա,  թեև Արամ Վարդանյանը քաղաքականությամբ չի զբաղվել.

«Մենք հիմնավորելու ենք՝ ի՞նչ է իրականում կատարվում և՛ Արամ Վարդանյանի շուրջ, և՛ ընդհանրապես: Իրականում հանցավորության դեմ պայքար չկա և հանցագործությունները իրականում աճում են և ունեն այլ նպատակ, որը կբացահայտվի: Իսկ որ Արամ Վարդանյանը, որևէ հանցագործություն չի կատարել, դա հիմնավորվել է դատական ակտերում: Մենք այս ընթացքում պահանջել ենք, որ առերեսումներ իրականացվեն և ապացույցներ ձեռք բերվեն  և ոչինչ չի ավել, քանի որ իրենք շատ լավ հասկանում են, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ հիմնավորվելու է և բոլորը պատասխան են տալու, որ ակնհայտ ապօրինի մեղադրանքներ են եղել»,- եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, այն մասին, որ Արցախի տներից մեկում հայտնաբերվել է Արամ Վարդանյանը: Ըստ տեղեկության՝ նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես նաև ՀՀ քրեական  օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով: