«Չորումի Սուրբ Գևորգ եկեղեցին օգտագործվում է որպես պահեստ». Gazete Duvar-ն անդրադարձել է 1830-ականներին կառուցված հայկական եկեղեցուն և այն կառուցած ընտանիքին (լուսանկարներ)
Թուրքական Gazete Duvar պարբերականն անդրադարձել է Թուրքիայի Չորում բնակավայրում 1830-ականներին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցուն, որն այսօր օգտագործվում է որպես պահեստ, և այն կառուցած Քիրյոփի անվամբ հայկական գերդաստանին:
1830-ականներին կառուցված եկեղեցին լքվել է և թողնվել ճակատագրի քմահաճույքին:
Եկեղեցին կառուցած հայկական ընտանիքը հայտնի է եղել Քիրյոփի անվամբ: Տեղեկություններ կան, որ Հայոց ցեղասպանության տարիներին այս ընտանիքը կարողացել է պահպանել իր տեղը Չորումում, սակայն հետագայում վաճառել է իր ակտիվները և տեղափոխվել մասամբ Ստամբուլ, մասամբ` Անկարա: Նշվում է, որ քաղաքի Փուշիյան թաղամասում ընտանիքին պատկանող գրադարան էլ է եղել: Ընտանիքի զավակներից մեկի անունը եղել է Աբրահամ, մյուսինը` Հայկանուշ:
Այս ընտանիքը ժամանակին Չորումի ամենահարուստ ընտանիքներից է եղել, նրանք զբաղվել են անասնապահությամբ և կաթնամթերքի արտադրությամբ: Նրանց արտադրած կաթնամթերքի որակի ու համի մասին Չորումում խոսում են մինչև այսօր:
Հայտնի է նաև, որ ընտանիքը կառուցել է Չորումի առաջին բազմաբնակարան շենքը, որն այսօր այլևս գոյություն չունի: Այն ունեցել է 4 կամ 5 հարկ:
Եվ ահա, այս ընտանիքի կառուցած եկեղեցին այսօր օգտագործվում է որպես պահեստ: Շատերը նույնիսկ չգիտեն, որ այն կառուցվել է որպես եկեղեցի:
Չորումի մշակույթի և զբոսաշրջության գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ կառույցն այժմ մասնավոր սեփականություն է և «ոչ մի ապացույց չկա, որ այդ կառույցը եկեղեցի է»:














