Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ

22:01 • 13.07.20

Կիրակի ողջ աշխարհում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսը բաժին է ընկել երկու երկրի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Երեկ ԱՀԿ-ին հաղորդվել է 230 000 վարակման դեպքերի մասին: Դրանց գրեթե 80 տոկոսը գրանցվել է 10 երկրում, իսկ 50 տոկոսը՝ երկու»,- ասել է Գեբրեյեսուսը:

Վերջինս չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն վարակման ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ նաև 24-ժամյա առավելագույն ցուցանիշներ են գրանցվել վերջին օրերի ընթացքում: Այս երեք երկրում միասին ավելի քան 112 000 վարակման դեպք է արձանագրվել կիրակի:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ն հայտնել էր մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճի մասին: