Ես ոստիկանական բաժանմունքի դիմաց կանգնած էի՝ պահպանելով բոլոր կանոնները, ոստիկանության սպան մոտեցավ և անվանական պահանջեց ինձ բերման ենթարկել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Ես ոստիկանական բաժանմունքի դիմաց կանգնած էի՝ պահպանելով բոլոր կանոնները, ոստիկանության սպան մոտեցավ և անվանական պահանջեց ինձ բերման ենթարկել, որևէ հակահամաճարակային կոնոնի խախտման մասին խոսք չի կարող լինել. Արտաշատի ոստիկանության դիմաց Tert.am-ին ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Խոր Վիրապից դեպի երևան ակցիա պետք է իրականացներ` ընդդեմ արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու Կառավարության որոշման, սակայն նա բերման ենթարկվեց և տեղափոխվեց Արտաշատի ոստիկանության բաժին, որից հետո «Ադեկվադ» միաբանության և «ՎԵՏՕ» շարժման անդամները և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հավաքվել էին Արտաշատի ոստիկանության դիմաց` հաջակցություն Նարեկ Մալյանի, սակայն նրանք ևս բերման ենթարկվեցին, որից հետո ավելի քան մեկ ժամ հետո նրանք ազատ արձակվեցին:
«Սա դասական մոտեցում է, թե բերման ենթարկելու պայմաններում կարող եք մեր գործողություններից հետ կանգնեցնել, դա անհնար է, պարոն Փաշինյան, Ձեր և ոստիկանների ժամանակը մի ծախսեք, դուք կարևոր գործ ունեք Տավուշում, դրա մասին մտածեք, ոչ թե մեզ բերման ենթարկելու»,- նշեց Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունում «Հանրապետական» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներից մեկի փաստաթղթերը լրացված են եղել, սակայն ազատ արձակելը միտումնավոր երկարացվել է, և միայն ՄԻՊ-ի գրասենյակ զանգելուց հետո նրան ազատ են արձակել:
«Ինձ անվանական մոտեցել են, հավանաբար նախորդ երկու անգամ չի հաջողվել մուտք գործել «Հանրապետական»-ի գրասենյակ և մեզ բերման ենթարկել, թեև երկու ժամ սպասում էին: Երևի նախորդ ժամանակվանից ատամ է մնացել, բայց եթե Փաշինյանը որոշել է ատամ պահել, ինքն ահագին ատամնաշարը կավելացնի, քանի որ մենք կանգնել չենք պատրաստվում»,-ընդգծեց Հայկ Մամիջանյանը:










