ՌԴ-ում կառուցվող «Գազպրոմի» գործարանի՝ ֆինանսական պայմաններից դժգոհ աշխատակիցներն ավերածություններ են իրականացրել. հավաքվածներին ցրել է ՕՄՕՆ-ը (տեսանյութեր)

22:28 • 13.07.20

Ռուսաստանի Ամուրի մարզում կառուցվող գազավերամշակման գործարանի շինարարները գրոհել են ընկերության գրասենյակը: Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպի պատճառ է դարձել աշխատակիցների ֆինանսական պահանջներն՝ ուղղված ղեկավարությանը:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ շինարարները մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Կատարվածի արդյունքում քրեական գործեր են հարուցվել խուլիգանության և զանգվածային անկարգությունների մասին հոդվածներով:

Երկուշաբթի սոցցանցերում տեսանյութեր են տարածվել «Գազպրոմի» ամուրյան գազավերամշակման գործարանի շինհրապարակից, որոնցում երևում է, թե ինչպես են համազգեստ կրող տասնյակ մարդիկ քարեր նետում և կոտրում գրասենյակային տարածքների գույքը:

Տեսանյութերից մեկում էլ երևում է, թե ինչպես են դեպքի վայր ժամանում ոստիկանության հատուկ ստորաբաժանման՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցները և սկսում ցրել հավաքվածներին:

Նշվում է, որ միջադեպի մասնակիցները, որի ժամանակ վնաս է հասցվել «Ռենեյսանս» կապալառու ընկերության գրասենյակային գույքին, ձերբակալվել են իրավապահների կողմից: Հետաքննություն է իրականացվում:

Ամուրի դատախազության տվյալներով՝ աշխատակիցները աշխատավարձի բարձրացում են պահանջել: Գերատեսչությունը մտադիր է ստուգումներ անցկացնել նրանց աշխատանքային իրավունքների պահպանման վերաբերյալ:  

Ամուրի գազավերամշակման գործարանը կառուցվում է Սվոբոդնի քաղաքի շրջանում «Սիբիրի ուժ» խողովակաշարով Չինաստան գազի մատակարարմանն ընդառաջ: