«Ամենահին մասնագիտությունը ձեր աջակցության կարիքն ունի». Գերմանիայում մարմնավաճառներն աջակցության պահանջով բողոքի ակցիայի են դուրս եկել

13:41 • 13.07.20

Գերմանական Համբուրգ քաղաքում մարմնավաճառների բողոքի երթ է անցկացվել. ակցիայի մասնակիցները Կարմիր լապտերների թաղամասում՝ Ռեպերբան փողոցում, պահանջել են վերաբացել կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված հասարակաց տները: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Մարմնավաճառները փողոց են դուրս եկել իրենց պահանջներին աջակցելու կոչ անող պաստառներով: Բողոքի երթը կազմակերպվել է սեքս-աշխատակիցների ասոցիացիայի կողմից: Ակտիվիստ մարմնավաճառուհիները նշել են, որ հաճախորդներին հասարակաց տներում ընդունելու անկարողությունն իրենց ստիպում է փողոցներ դուրս գալ, ինչը ոչ միայն ավելի վտանգավոր է իրենց համար, այլ նաև հակասում է օրենքին: Նրանց խոսքերով` հասարակաց տներն ի վիճակի են պահպանելու անվտանգության կանոնները:

«Ամենահին մասնագիտությունը ձեր աջակցության կարիքն ունի». եղել է նրանց կարգախոսներից մեկը:

Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքերով՝ կարանտինը զրկել է մարմնավաճառուհիներին գումար վաստակելու հնարավորությունից:

Հարկ է նշել, որ Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացված է և հարկվում է, և այս բիզնես ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ վեց միլիարդ եվրո: