ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլի ընթացքի մասին
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներն անցնում են օրենսդրության և գիտական մեթոդաբանության հետ լիարժեք համապատասխանությամբ՝ առանց հետազոտության ժամկետները կրճատելու փորձի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Այսօր մասնագետները պատվաստանյութի երկրորդ բաղադրիչն են ներարկել 20 կամավորներից կազմված երկրորդ խմբին: Գիտափորձի մասնակիցներն իրենց լավ են զգում և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար Սվետլանա Վոլչիխինան:
Նրա խոսքով՝ կամավորներին մտադիր են դուրս գրել մեկ շաբաթից: Առաջին ներարկումից հետո 42-րդ օրը կամավորները մեկ օրով պետք է վերադառնան հիվանդանոց բուժզննում անցնելու համար:
Պատվաստանյութը մշակվել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում: Կամավորների վրա կլինիկական փորձեր են մեկնարկել հունիսի 18-ից:
ՊՆ-ից հայտնել են, որ պատվաստանյութի արդյունավետությունն ու յուրահատկությունը իմունիտետի ձևավորման հարցում վերջնականապես կգնահատվի հետազոտությունների արդյունքների հիման վրա: Ներկա պահին ստացված տվյալները վկայում են կամավորների մոտ իմունային արձագանքի ձևավորման մասին:
Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հույս է հայտնել, որ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կավարտվի հուլիսի 28-ին: Դրանից հետո դիմում կներկայացնեն դեղամիջոցի գրանցման համար, որն էլ կարող է շրջանառության մեջ դրվել օգոստոսի կեսերից:










