«Հայկական ժամանակ»-ը, շինծու տեղեկություն տարածելով, չէր գիտակցում, որ գալու է այն ժամանակը, որ պատասխան է տալու. Ա. Վանեցյանի ներկայացուցիչը՝ օրաթերթի դեմ դատական հայցի վերաբերյալ
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել` ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Այսօր մեկնարկեց այդ գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց կողմերի չներկայանալու պատճառով: Նիստից հետո Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը ծանուցումն ուղարկել էր, սակայն հետ էր ստացվել, բայց նույն հասցեով իրենք հերքման տեքստ են ուղարկել, և «Հայկական ժամանակ»-ը ստացել է, նույն հասցեով այլ դատավարական փաստաթղթեր ևս ուղարկվել են:
«Ակնհայտ է, որ «Հայկական ժամանակ»-ը, չունենալով մեր հայցին պատասխան, փորձում է ձգձգել, որովհետև, եթե այսքան լրատվամիջոց տեղեկացված է այս դատական նիստի մասին, ակնհայտ է, որ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացված է եղել դրա մասին: Ակնհայտ է մի փաստ, նրանք, իրենց անպատասխանատու, շինծու տեղեկատվությունը տարածելով, չէին գիտակցում, որ գալու է այն ժամանակը, որ պատասխան են տալու իրենց կողմից տարածված տեղեկությունների համար: Նրանք բնականաբար չունեն պատասխան, որովհետև այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և որդեգրել են դատական նիստերը ձգձգելու տարբերակ: Ակնհայտ է, որ այլևս նիստը նման պատճառաբանությամբ հնարավոր չէ հետաձգել, և գալու է ժամանակը, որ նրանք պետք է պատասխան տան իրենց հրապարակման համար»,- նշեց պաշտպան Լուսինե Սահակյանը:
Պաշտպանը նշեց, որ նիստին ներկայանալը, և նիստը ձգձգելն անիմաստ է, քանի որ ի վերջո դատական ակտ է լինելու.
«Եթե օրինական դատական ակտ լինի, իրենց ձեռնտու չի լինելու: Սա է խնդիրը, և սրանով է պայմանավորված չներկայանալը: Մենք գիտենք, որ «Հայկական ժամանակ»-ն ում ընտանիքին է պատկանում, սա է, որ նրանց բորբոքում է, որ կան դատավորներ, որոնց ճնշել չեն կարող, և իրենց համար հաճելի որոշումներ ստանալ: Միգուցե սա է նրանց կաշկանդում և փորձում են ձգձգել»:
Հարցին, թե վստահում է գործով դատավորին, պաշտպանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, որ այս դատավորն անօրինական որոշումներ է կայացրել: Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ վստահում են դատավորին, և դա է պատճառը, որ ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել.
«Դատավորի վրա ճնշումները ինչ աստիճանի կլինեին, և նա ճնշման կգնա թե ոչ, չեմ կարող պատասխանել: Մինչ օրս ապացուցել է, որ կարողանում է օրինական դատական ակտեր կայացնել և կայացնում է»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ավելի վաղ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Ինչպես հայտնի է, «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունից (Հայկական ժամանակ, armtimes. com) պահանջել էինք հերքել նշված կայքում հունվարի 12-ին հրապարակված` «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ...» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։ Դիմումն ու հերքման բովանդակությունը մեր կողմից հրապարակվել էր, և հանրությունը հնարավորություն ունեցել է առանձին-առանձին մեջբերումներով ծանոթանալ, թե կոնկրետ որ արտահայտություններն են զրպարտություն ու որոնք է անհրաժեշտ ամբողջությամբ հերքել: Սակայն, նշված ընկերությունից ստացել ենք հավանաբար մեզ ուղղված մի գրություն, որով հայտնվում է, թե «հերքման մասին դիմումը և դրան կից ներկայացված հերքման տեքստը» ընկերության կողմից քննարկման առարկա չեն դարձվում»։










