Գյումրիի «Զանգակ» մանկապարտեզն ավերակ է դարձել, շահագործման ենթակա չէ. վարիչ (տեսանյութ)
Երեկ՝ հուլիսի 13-ին Գյումրի քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, կարկուտի և ձյան պատճառով ավերվել են բնակելի տարածքները, նկուղները և տները: Անձրևի և ձյան կտորները լցվել են մեքենաների մեջ՝ ճանապարհը դարձնելով անանցանելի: Tert.am-ը այսօր այցելել է Գյումրի և ծանոթացել ստեղծված իրավիճակին:
«Զանգակ» մանկապարտեզի վարիչ Սիրանուշ Մելքոնյանը նշում է, որ մանկապարտեզը այլևս շահագործման ենթակա չէ՝ արտաքին պատերը և միջնապատերը ամբողջը փլուզված են.
«Մանկապարտեզ հաճախում էին 95 երեխա: Հետագայում երեխաները կհաճախեն ավելի մոտ գտնվող մանկապարտեզ: Մանկապարտեզը ծրագրի մեջ էր․ Հայաստանի զարգացման տարածքային հիմնադրամի աջակցությամբ պետք է հիմնովին քանդվեր և նորը կառուցվեր: Դեպքը տեղի է ունեցել 17-00-ին, մանկապարտեզի ներսում կարկուտի ժամանակ աշխատակիցներ չեն եղել»,- նշեց Սիրանուշ Մելքոնյանը:
Գյումրու բնակիչ Արևիկ Գրիգորյանը նշում է, որ 30 տարի ապրում է Գյումրիում, սակայն նման դեպք չի եղել։
«Լրիվ հարյուր տոկոսանոց ավերակ է դարձել, մանկապարտեզը լրիվ աղբանողի ապրանք է դարձել, այն արդեն 30 տարի գոյատևում էր: Ես 30 տարի այստեղ եմ ապրում, Գյումրին այսպիսի աղետ չէր տեսել, այն էլ հուլիս ամսին, փոթորիկ էր ահավոր ցունամիի նման: Անձրևաջրերը լցվել են տները և փողոցները, քանի որ կոյուղի չկա:
Համայնքապետարանը պետք է հարցը լուծեր, տեր լիներ, նա գցում է «Վեոլիա ջրի» վրա, մյուսը համայնքապետարանի վրա: Փողոցի վրա կա ջրահեռացման կոյուղի, փակ է եղել՝ շրջվել է մանկապարտեզ: Տնակային ավանները լրիվ ավերակ է դարձրել, մարդիկ հավ են պահել, դա էլ հետը քշել է: Փառք Աստծո, կարանտին է և երեխաները մանկապարտեզում չէին, եթե երեխաներ լինեին, մի երեխա չէր փրկվի, այդ աստիճանի աղետ էր»,-նշեց բնակիչը:
Բնակչի խոսքով՝առավոտյան մանկապարտեզ է այցելել Գյումրու քաղաքապետի տեղակալը Հայկ Սուլթանյանը, իսկ լույսերը երեկվանից անջատված են:










