Սահմանում լարվածությունը նվազել է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Բարեբախտաբար մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, ըստ բժիշկների ներկայացրած տվյալների՝ հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել: Այս մասին Իջևանում տեղակայված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե քանի անօդաչու թռչող սարք ենք խոցել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամսի 12-ից սկսած մինչև այսօր ներառյալ՝ թիվը հիգնից ավելի է՝ մոտենում է տասին:
Նա հայտնեց, որ ընդհանրապես լարվածության օրերին ՀՀ և Արցախի սահմանի ողջ երկայնքով գրեթե որևէ լարվածության օջախներ չեն առաջացել: Ինչ վերաբերում է Զինված ուժերի դիրքերի բարելավմանը, նա ասաց, որ կա իրավիճակ, որի ընթացքում ԶՈՒ-ն կոնկրետ խնդիրներ է կատարում և մեր պարզաբանումները, հստակեցումները կարող են նրանց խանգարել:
Նա նշեց, որ ՀՀ ԶՈՒ-ն տիրապետում է ադրբեջանական կողմի բոլոր տեսակի զորաշարժերին, տեղափոխություներին: Նա հայտնեց մեր խաղաղ բնակչության մեջ թեթև վնասվածքներ ունեցողներ չկան, միայն նյութական վնասներ են կրել:
Հարցին, թե անհրաժեշտություն կա պահեստազորին, երկրապահներին ներգրավելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՀՀ Զինված ուժերն իրենց խնդիրները հստակ կատարում են և դրա անհրաժեշտությունը չկա:
«ՀՀ զինված ուժեը բոլոր տարիներին բոլոր հնարավոր շանսերը ստեղծել, օգտագործել են դիրքերը բարելավելու համար, սա ճշմարտություն է, որը պետք չէ քննարկել ընդհանրապես»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել և վստահություն հայտնեց, որ չի էլ ունենա: «Մեր ժողովուրդը ամուր կանգնած է իր դիրքերում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










