Իրանը 3 մարդու մահապատժի է դատապարտել 2019 թվականին տեղի ունեցած անկարգությունների պատճառով
Իրանում 3 մարդ մահապատժի է դատապարտվել 2019 թվականի նոյեմբերին տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնել է երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին, գրում է ria.ru-ն։
«Տեղեկությունն առ այն, որ դատավճիռը հաստատված է, ճիշտ է»,- հայտնել է Էսմայիլին։
Նրա խոսքով՝ ձերբակալությունից հետո այդ անձանց հեռախոսների մեջ հայտնաբերվել են ավտոբուսների, բանկի և հանրային վայրերի հրկիզումների տեսագրություններ, որոնք նրանք ուղարկել են «արտասահմանում լրատվական գործակալություններին»:
Անցյալ տարի Իրանում նոյեմբերի կեսերին բողոքի ակցիաներ էին սկսվել բենզինի գները բարձրացնելու իշխանությունների որոշման դեմ: Խաղաղ ցույցերը վերաճել էին զինված անկարգությունների, որոնց հետևանքով զոհվել են և՛ քաղաքացիական անձինք, և ՛ իրավապահներ։
ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում էր, որ անկարգությունների ընթացքում ավելի քան հազար մարդ է զոհվել, սակայն Թեհրանը հերքել է այդ ենթադրությունները՝ կես տարի անց հայտնելով, որ անկարգությունների ընթացքում մահացել է ավելի քան 220 մարդ:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անկարգությունները կազմակերպել են ԱՄՆ-ն և Իսրայելը՝ Իրանի անվտանգությունը խաթարելու նպատակով։










