Դատապարտում ենք ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները. պահանջում ենք սպառնալից քայլերի անհապաղ դադարեցում. Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

11:16 • 14.07.20

Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդե Օրելյանան twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրադրության սրմանը:

«Գվատեմալայի Կոնգրեսի պատգամավորներն իրենց մեծամասնությամբ դատապարտում են հուլիս 12-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները։ Պահանջում ենք հարձակողական և սպառնալից քայլերի անհապաղ դադարեցում և կոչ ենք անում երկխոսության` որպես խաղաղության հասնելու միակ ուղի»,-գրել է Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,-ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։