ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 59-ի․ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ (տեսանյութ, լուսանկարներ)
Հրշեջները շարունակում են պայքարել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա բռնկված և մոլեգնող կրակի դեմ․ ռազմածովային ուժերի հրամանատարության հաղորդմամբ՝ կրակի մարման աշխատանքները կարող են տևել ևս մի քանի օր, գրում է Daily Mail-ը։
Կիրակի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:30-ին, հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային ուժերի բազայում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավի ստորին բեռնախցիկում և պայթյուն որոտացել, որի ժամանակ նավի վրա ավելի քան 160 մարդ է գտնվել։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը Twitter-ում հաղորդագրություն էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ 17 նավաստի և չորս քաղաքացիական անձ բուժում է ստանում տեղի հիվանդանոցում՝ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով։
Ըստ վերջին տեղեկությունների՝ ներկայում վիրավորների թիվը 59 է, այդ թվում՝ 36 նավաստի և 23 քաղաքացիական անձ։
Նշվում է, որ նավի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են։





















