Նպատակն է, որ միջազգային հանրությանը հասցնենք ադրբեջանական ագրեսիայի ողջ չափաբաժինը, նախահարձակ լինելը․ Էդգար Խաչատրյանը՝ ՀՀ ԱԳՆ-ի և ՊՆ-ի նյութերի թարգմանությունը նախաձեռնելու մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սադրանքի դիմելուց հետո հայկական սոցիալական ցանցերում նախաձեռնություն սկսվեց՝ թարգմանել ՀՀ ՊՆ և ԱԳՆ հայտարարությունները օտար լեզուներով և տարածել դրանք: «Մեդիա պաշտպան» նախաձեռնության փորձագետ, քաղաքագետ Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հեռուստամեկնաբան Էրիկ Անթառանյանը պաշտոնական հաղորդագրությունները սկսել է թարգմանել և կոչ էր արել օտար լեզուներ իմացողներին միանալ նախաձեռնությանը:
Tert.am-ը նախաձեռնության նպատակին հասնելու և այլ հարցերի շուրջ զրուցել է Էդգար Խաչատրյանի հետ: Նա տեղեկացեց, որ մի քանի լեզուներով սկսեցին թարգմանել Պաշտպանության և ԱԳ նախարարությունների պաշտոնական հաղորդագրությունները, իրենց միացել են տարբեր թարգմանիչներ:
Հարցին՝ միայն իրե՞նք են նման նախաձեռնություն սկսել, նա պատասխանեց. «Նկատեցինք, որ մեր նախաձեռնությունը սկսելուց մեկ օր հետո հանրային կապերի և տեղակատվության ՊՈԱԿ-ը ևս հայտարարեց, որ ցանկանում են թարգմանություններ իրականացնել ու կամավորներ են հավաքում: Չեմ կարող ասել՝ ինչու իրենք ադրբեջանական կողմի սկսած սադրանքի հաջորդ օրը միայն նման ցանկություն ունեցան»:
Խաչատրյանի խոսքով՝ իրենք 12 լեզվով թարգմանել են պաշտոնական հաղորդագրությունները: «Կարևորագույն տեքստերը, որոնք ՊՆ-ն կամ ԱԳՆ-ն դնում էր, մեր կողմից թարգմանվում էր: Մեր կապը եղել է ՊՆ և ԱԳՆ մամուլի խոսնակների հետ, իրականացված թարգմանություններն ուղարկվել է իրենց: Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, որոնք միացան թարգմանություններին և շատ կարճ ժամանակահատվածում իրականացրեցին այսպիսի լավ և կարևոր աշխատանք»,- ասաց նա և տեղեկացրեց, որ աշխատանքներին միացել են 18 հոգի:
Էդգար Խաչատրյանը տեղեկացրեց, որ տարբեր լեզուներով թարգմանությունները տարածվել են սոցիալական ցանցերում՝ թվիթերում, ֆեյսբուքում: «Ի սկզբանե նպատակը այն է եղել, որ միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների և սովորական քաղաքացիների հասցնենք այդ պահին ադրբեջանական ագրեսիայի ողջ չափաբաժինը, նախահարձակ լինելը: Միջազգային հանրությանը ցույց տալ, որ նրանք են նախահարձակ լինողը: Ըստ իս, այդ հարցում ինչ-որ չափով հաջողել ենք: Նախաձեռնությունը կարող ենք ստացված համարել, չեմ կարող ասել 100 տոկոսով, բայց վստահաբար այն, ինչի համար դա սկսել ենք, իրականություն դարձավ»,- շեշտեց նա:
Հարցին՝ նման իրավիճակում կարևոր է նաև տեղեկատվական պատերազմը, այս նախաձեռնությունը նպաստե՞ց, որ այդտեղ էլ հաղթանակ տանի հայկական կողմը, նա նշեց. «Տեղեկատվական պատերազմի մասին խոսելիս պետք է առանձնացնել ինֆորմացիոն երեք հոսքեր՝ ներքին, թշնամու լսարանի և միջազգային հանրությանն ուղղված ինֆորմացիան: Մենք մեր փոքր նախաձեռնությամբ կարողացանք միջազգային հանրությանը հասցնել ՊՆ-ի և ԱԳՆ-ի հայտարարությունները: Տեղեկատվական պատերազմում հաղթել-չհաղթելը մի քիչ ավելի խորքային հարց է, որովհետև այս պահին ադրբեջանական կողմը տարբեր փորձագետների միջոցով միջազգային լրատվականներում հարցազրույցներ է հրապարակում, մեր կողմը մի քիչ այդ հարցում ավելի պասիվ է»:
Նրա խոսքով՝ այս ամեն ինչի ավարտից հետո նոր հնարվոր կլինի գնահատել տեղեկատվական պատերազմում հաղթանակ տարել ենք, թե՝ ոչ: «21-րդ դարում այս իրավճակում տեղեկատվական պատերազմը շատ կարևոր է, որովհետև տեղակատվական պատերազմն ինքնին հետագայում տարբեր հարցերի շուրջ քննարկումների և այլնի առիթ է տալիս»,- նկատեց Խաչատրյանը:










