ԱՄՆ-ում վերջին 17 տարում առաջին անգամ դաշնային բանտարկյալի մահապատիժ է իրականացվել

18:03 • 14.07.20

ԱՄՆ-ում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ կալանավորի մահապատիժ է իրականացվել դաշնային իշխանությունների իրավասության ներքո: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ մահապատիժները դաշնային բանտերում կարող են ի կատար ածվել՝ այդպիսով չեղարկելով ցածր ատյանի դատարանի որոշումը դրանք հետաձգելու մասին:

Մահապատժի ենթարկված առաջին դատապարտյալը դարձել է 47-ամյա Դենիել Լյուիս Լին, որը գտնվում էր Ինդիանա նահանգի դաշնային բանտում: Մահապատիժն իրականացվել է ներարկման միջոցով:

1999 թվականին Լին մեղավոր է ճանաչվել զենքի վաճառքով զբաղվող տղամարդու և նրա ընտանիքի անդամների սպանության մեջ: Մեղադրող կողմի տվյալներով՝ ամբաստանյալը ներգրավված է եղել ծայրահեղական կազմակերպության կազմում, որի նպատակը սպիտակ ռասային պատկանող մարդկանց հասարակություն ստեղծելն էր:

Մահապատժից առաջ Լին ևս մեկ անգամ հայտարարել է իր անմեղության մասին:

1976 թվականից ի վեր, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը վերականգնել է մահապատժի կիրառումը, ամերիկյան բանտերում ավելի քան 1500 կալանավոր է մահապատժի ենթարկվել: Սակայն նրանցից միայն երեքն են հայտնվել դաշնային իշխանությունների իրավասության տակ: Վերջին դաշնային մահապատիժը տեղի էր ունեցել 2003 թվականին: