Ֆրանսիան Բաստիլի գրավման օրը նշել է առանց զորահանդեսի՝ տոնակատարությունը նվիրելով կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին (լուսանկարներ)

19:33 • 14.07.20

Ֆրանսիայի ազգային տոնը՝ հուլիսի 14-ին նշվող Բաստիլի գրավման օրն, այս տարի «Քովիդ-19»-ի հավավարակի պատճառով տոնում են հակիրճ ծրագրով:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, տոնակատարությունը նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նվիրվել է բուժաշխատողներին և կորոնավիրուսի դեմ պայքար մղող այլ աշխատակիցներին:

Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը:

Ավանդական ռազմական զորահանդեսն այս տարի 1945 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկվել է: Շքերթի փոխարեն Ելիսեյան դաշտում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել՝ քիչ թվով մասնակիցներով և առանց ռազմական տեխնիկայի: Կրճատված ծրագրով է իրականացվել նաև ավիացիոն շոուն: Միջոցառման ավարտին հրապարակում հնչել է «Մարսելյեզը»: