Հունաստանի Տրիկալա քաղաքում թուրքական մզկիթի ուղղությամբ քարեր են նետվել, կոտրվել են մզկիթի ապակիները

16:00 • 14.07.20

Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Տրիկալա քաղաքում անհայտ անձինք քարեր են նետել մզկիթի ուղղությամբ և կոտրել դրա ապակիները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով հունական trikalanews.gr պորտալին:

Պորտալը նշում է, որ սա հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման արձագանքը լինի:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, մի քանի մարդ քարերով կոտրել են մզկիթի ապակիները:

Կայքը գրում է, որ Տրիկալայի իշխանությունները տեղյակ են դեպքից, ոստիկանությունը փնտրում է մեղավորներին և քայլեր է ձեռնարկում, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն:

Հարձակման ենթարկված մզկիթը կրում է Քուրշում անունը, հայտնի է որպես Օսման շահի մզկիթ, կառուցվել է 16-րդ դարում՝ հայտնի օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի կողմից: Սա Սինանի կառուցած միակ շինությունն է, որ պահպանվել է ժամանակակից Հունաստանի տարածքում: