«Դա սուտ է, որ իմ մայրը հայ է». Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն պատմել է իր մոր ազգության և իր անվան «գաղտնիքի» մասին
Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն հարցազրույց է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներին, որի ընթացքում հերքել է շրջանառվող լուրերը, որ իր մայրը հայ է: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Իմ հանգուցյալ մայրիկի անձնագիրը մինչև հիմա ինձ մոտ է: Խորհրդային ժամանակներում անհնար էր անձնագիր կեղծել, այդ իսկ պատճառով դա սուտ է, թե իմ մայրը հայուհի էր: Իմ մոր հայրը բելգիացի է եղել: Ցարական Ռուսաստանի ժամանակ նա գնացել է Ռոստով: Այնտեղ նա կոշիկների կարման մեջ օգտագործվող պղնձի փոքրիկ արտադրամաս է բացել: Այնտեղ էլ ծանոթացել է իմ հանգուցյալ տատիկի հետ: Իմ տատիկը կիսով չափ ռուս, կիսով չափ լեհ է եղել: Այնտեղ էլ նրանք ամուսնացել են»,-պատմել է նախկին վարչապետը:
Նա պատմել է, որ երբ իր մայրը 6 տարեկան է եղել, նրա հայրը մահացել է, այդ իսկ պատճառով մայրը նրան չէր հիշում:
«Երբ Ռոստովում իրավիճակը վատացավ, մայրիկիս ընտանիքը տեղափոխվեց Գյանջա (Գանձակ), որն այն ժամանակ Կիրովաբադ էր կոչվում: Այնտեղ էլ իմ մայրիկը ծանոթացել է իմ հանգուցյալ հայրիկի հետ, և նրանք ամուսնացել են: Ահա և վերջ»,-պատմել է նախկին վարչապետը:
Ռասիզադեն պատմել է նաև իր անվան մասին` նշելով, որ այդ անունը հայկական չէ:
«Իմ մայրը դժվարությամբ է ինձ լույս աշխարհ բերել: Հայրս ինձ անվանակոչել է Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ» գրքի հերոսի պատվին: Մայրս ցանկանում էր, որ ինձ Թեյմուր կամ Թոֆիկ անունը տան: Բայց հայրս, իր վրա ազդեցություն թողած գրքից ելնելով, ինձ անվանել է Արթուր: Իսկ անգրագետ մարդիկ ասում են, թե Արթուրը հայկական անուն է, որովհետև գիրք չկարդացող մարդը սա իմանալ չի կարող»,-եզրափակել է իր խոսքը Ադրբեջանի նախկին վարչապետը:










