Չինաստանը պայքարում է վերջին տասնամյակների ամենասարսափելի ջրհեղեղների դեմ, որի հետևանքով 141 մարդ է մահացել կամ անհետ կորել. CNN (լուսանկարներ)
Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը, և մինչ երկիրն իր ամբողջ ջանքերն ուղղել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ պայքարին, արդեն շաբաթներ տևող ջրհեղեղները երկրորդ մեծ հարվածն էին երկրի համար, գրում է CNN-ը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ջրհեղեղներից առավել տուժած շրջաններից մի քանիսը կորոնավիրուսից տուժած շրջաններն են, այդ թվում՝ կորոնավիրուսի օջախ համարվող Հուբեյ նահանգը։
Թեև ամառային ջրհեղեղները Չինաստանում հաճախակի երևույթ են, այս տարի ջրհեղեղներն առավել ինտենսիվ և կործանարար են։ Ջրհեղեղների մասին հաղորդումներ են ստացվում մայրցամաքային Չինաստանի 31 նահանգներից 27-ում, և որոշ տեղերում ջրի մակարդակը հասել է վտանգավոր բարձրության։
Հուլիսի 13-ի դրությամբ ջրհեղեղների հետևանքով 141 մարդ զոհվել կամ անհետ կորել է, իսկ 28 հազար տուն՝ փլուզվել։














