Եգիպտոսում նավթի խողովակաշարից արտահոսքի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում․ կա 17 վիրավոր, վնասվել է 31 մեքենա (տեսանյութեր, լուսանկարներ)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում նավթի խողովակաշարից արտահոսքից հետո խոշոր հրդեհ է բռնկվել մայրուղում, որի հետևանքով 17 մարդ է վիրավորվել, հայտնել են իշխանությունները, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ խողովակաշարն անցկացված է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ավտոմայրուղու երկայնքով, և խողովակից հոսող նավթը բռնկվել է երթևեկող մեքենաների պատճառով, հայտնել է երկրի նավթի նախարարությունը:
Իշխանությունները չեն հաղորդել, թե ինչու է խողովակաշարը, որը գտնվում է 1,5 մետր խորության վրա, սկսել արտահոսել։
Նավթի նախարարության ներկայացուցիչ Համդի Աբդ Էլ Ազիզը տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ արտահոսքի հայտնաբերումից հետո համապատասխան մարմինները շրջափակել են խողովակաշարը և ճանապարհը, սակայն վարորդներն անցել են նավթախողովակի կողքով, և մեքենաների կայծը, հավանաբար, հրդեհ է առաջացրել:
Նա նաև հրաժարվել է հայտնել, թե ինչպես է վնասվել ստորգետնյա խողովակաշարը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ մանրամասները կպարզի միջադեպը հետաքննող հանձնաժողովը։
Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդվում է, որ պատահարի հետևանքով վնասվել է 31 մեքենա։














