Այս պահին բուժհաստատություններում ունենք 10 վիրավոր զինծառայող, որոնցից 5-ի վիճակն է միջին կամ միջինից ծանր, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Հուլիսի 12-ից սկսած կոնկրետ ընթացող մարտական գործողությունների ընթացքում մենք ունեցել ենք ընդհանուր մոտավորապես 2 տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև երկու ոստիկանները, բայց իրենց կեսը շատ թեթև, աննշան վիրավորումներ են ունեցել և մեկ- երկու ժամ հետո վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահի դրությմաբ ունենք ՀՀ բուժհաստատություններում բուժվող 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և գուցե այս ընթացքում, որ զրուցում ենք, արդեն դուրս են գրվել, 5-ի վիճակը միջին է կամ մի քիչ ավելի ծանր միջինց, բայց բժիշկների հավաստմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Տավուշում խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ չկան, վնասը գույքային է: Նա ասաց, որ գույքարում է կատարվելու և այդ հարցը կկարգավորվի:
Ինչ վերաբերում է գազատարին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երկու անգամ է վնասվել ու վերականգնվել է:










