Իրանցի գեներալն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի վրա բռնկված հրդեհն «Աստծո պատիժ» է անվանել
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային ուժերի բազայում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա մոլեգնող կրակը Վաշինգտոնին իր հանցագործությունների համար ուղարկված «աստվածային պատիժ» է: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կազմում «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Իսմայիլ Կաանին, գրում է eadaily.com-ը։
«Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, հատկապես ռազմական նավի հետ կապված միջադեպը, ԱՄՆ-ի կառավարության հանցավոր վարքագծի հետևանքն է», - հայտարարել է Կաանին, որը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո դարձել է նրա իրավահաջորդը։
Նրա խոսքով՝ Սան Դիեգոյում տեղի ունեցած միջադեպը վկայում է «աստվածային խոստման մասին, որի համաձայն՝ բոլոր հանցագործներն աստվածային պատիժ կկրեն»։
Հրամանատարը հավելել է, որ «դժվարին ժամանակներ» են սպասվում ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իսրայելին։
Հիշեցնենք, որ օրերս Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային ուժերի բազայում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավի ստորին բեռնախցիկում պայթյուն է որոտացել։ Հուլիսի 14-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 59-ի: Տուժածների թվում են 36 զինծառայող և 23 քաղաքացիական անձ:










