Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, արցախյան հատվածում` ևս. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

11:03 • 15.07.20

Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգին ներկայացրեց օպերատիվ իրավիճակը:

Նա ընդգծեց, որ երեկ 18:00-ից սկսած` լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում: «Կրակոցները գնալով քչացել են, ժամը 00:15-ից սկսած` գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, բայց մինչև այդ ժամը որոշակի խախտումներ, ակտիվություն եղել է»,- տեղեկացրեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն արդեն հայտարարել է, որ մեր ՀՕՊ-ը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: «Դրանից հետո հանգիստ է, անդորր է, այս պահի դրությամբ շարունակվում է այդ վիճակը»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Նա հիշեցրեց, որ հայկական կողմն ունի 4 զոհ և հավելեց, որ հակառակորդն ամփոփել է իր զոհերի քանակը, երեկ երեկոյան արդեն 12 անուն էին շրջանառում:

Հովհաննիսյանը նաև ասաց, որ այս բրիֆինգից հետո կունենան աշխատանքներ համայնքներում, այնուհետև կամփոփեն իրավիճակը: