Իրանի ոստիկանությունը ցրել է երկրի տնտեսական վիճակից բողոքող քաղաքացիների ցույցը

15:42 • 17.07.20

Իրանական ոստիկանությունը ցրել է երկրի հարավարևմտյան Բեհբահան քաղաքում անցկացված բողոքի ակցիան: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի իրավապահ ուժերի ղեկավար Մոհամադ Ազիզիին:

Նրա խոսքով` «Բեհբահանի փոքրաթիվ քաղաքացիներ» կոչից հետո հինգշաբթի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեին երկրում տիրող տնտեսական վիճակի վերաբերյալ:

«Սկզբից ոստիկանությունը փորձել է համոզել մարդկանց ցրվել, սակայն նրանք դա չեն արել և սկսել են հավատուրաց կարգախոսներ հնչեցնել, այդ իսկ պատճառով ոստիկանությունն իր միջոցներով է ցրել նրանց»,-տեղեկացրել է Ազիզին:

Նա հավելել է, որ տուժածներ ու նյութական վնասներ չկան, իսկ քաղաքում իրավիճակն արդեն հանդարտ է: