Հայաստանում հոսպիտալացվում և կորոնավիրուս ախտորոշումը դրվում է, երբ ՊՇՌ թեստը դրական է ցույց տալիս, սակայն ՊՇՌ թեստերի միայն 70 տոկոսը կարող է դրական ցույց տալ․ Էդուարդ Հովհաննիսյան
Հայաստանում հոսպիտալացվում և կորոնավիրուս ախտորոշումը դրվում է, երբ ՊՇՌ թեստը դրական է ցույց տալիս, սակայն ինչպես գիտենք ՊՇՌ թեստերի միայն 70 տոկոսը կարող է դրական ցույց տալ: Լինում են դեպքեր, երբ թեստը չի հայտնաբերում հիվանդությունը և մարդիկ ստիպված տանն են ստանում բուժում, իսկ այլ երկրներում՝ հիվանդության մեծ թվերի դեպքում, հիմնվում են KT (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության հիման վրա. Tert.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«Դեպքեր են եղել, երբ ամուսիններից երկուսը նույն ախտանիշն են ունեցել, սակայն մեկին ՊՇՌ թեստը դրական է ցույց տվել և նա պետպատվեր բուժում է ստացել, իսկ մյուսի ՊՇՌ-ը թեստը բացասական է ցույց տվել և նրան ասել են՝պետք է գումարով բուժվես: Եթե հիվանդը ֆինանսական հնարավորություն չի ունենում և չի գնում հիվանդանոց, մնում է տանը, վիճակը ավելի է ծանրանում: Դուրս է գալիս՝ մարդը տաս օր հիվանդ է լինում, բուժում չի ստանում և երբ ծանրանում է, նրան տանում են հիվանդանոց: Դրա համար, այն մարդիկ, որոնք ծանոթներ և գումար ունեն KT են անում, իսկ այն մարդիկ, որոնք գումար չունեն և տեղեկացված չեն, ընկնում են կրակը»,-նշեց նա:
Բժիշկը ընդգծում է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հաճախ, երբ հիվանդությունը սկսվում է վերին շնչուղիներում, ՊՇՌ թեստի հետազոտությունը ցույց է տալիս դրական, իսկ ծանր դեպքերում հաճախ թեստը բացասական է ցույց տալիս. «Ծանր դեպքերի տոկոսի բարձրացումը և մահացության ավելացումը, իմ կարծիքով, նրանից է, որ մարդիկ ավելի երկար են տանը մնում: Սա զուտ իմ կարծիքն է և ապացուցման կարիք ունի, բայց քանի որ մենք չունենք վիճակագրություն, անալիտիկ կենտրոն, որ վերլուծի, ենթադրություններն արվում են մասնագիտական կարծիքների հիման վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով պատվաստանյութի հայտնաբերման ժամկետներին, Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ պատվաստանյութի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ անվտանգ պատվաստանյութի համար պահանջվում է մի քանի տարի.
«Պատվաստանյութն ամենալավագույն և ռեկորդային ժամանակահատվածում կլինի 2021 թվականի գարնանը: Դրանք այն պատվաստանյութերն են, որոնք որոշ չափով անվտանգ են լինելու: Էլ չեմ ասում երկարաժամկետ անվտանգություն ունեցող պատվաստանյութերի մասին: Եթե պատվաստանյութ լինի, որը կարճաժամկետ անվտանգություն կունենա, կարելի է կիրառել ռիսկային խմբերի համար և երբ իր անվտանգությունը ապացուցվի՝ նոր կարելի է կիրառել լայնածավալ: Սակայն շատ հավանական է, երբ պատվաստանյութն արդեն ստեղծվի, այդքան էլ դրա կարիքը չլինի, սակայն դա չի նշանակում, որ այդ աշխատանքը չպիտի իրականացվի, որովհետև մենք չգիտենք՝ ինչ է լինելու և պետք է վատագույն սցենարին պատրաստ լինել և այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել: Սակայն իմ կարծիքով կորոնավիրուսը ինչ որ ժամանակ հետո թուլանալու է և ընդգրկվելու է մնացած բոլոր սեզոնային հիվանդությունների շաչրում»,-նշեց նա:
Բժիշկը ընդգծում է, որ կարմրուկ, կարմրախտ և բազմաթիվ այլ հիվանդութուններ հաղթահարվել են պատվաստանյութի շնորհիվ: Եվ եթե կորոնավիրուսը իր դիրքերը չզիջի և շարունակի մնալ վտանգավոր ինֆեկցիա, այդ դեպքում պետք է վարակը հաղթահարել միայն պատվաստանյութի միջոցով:










