Նա միայնակ ավելին է անում, քան Ադրբեջանի բոլոր գործարարները միասին․ օգտատերերը շնորհակալություն են հայտնում Ս. Կարապետյանին` Մոսկվայում հայկական գյուղմթերքով բեռնատարներին տարածք տրամադրելու համար

21:48 • 18.07.20

 Այսօր բազմաթիվ օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադառնում և շնորհակալական խոսքեր են ուղղում հայ գործարար,  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, ում որոշմամբ այսօրվանից անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:

«Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն, օրինակ գրել է․

«Ռուսաստանում ծիրանային պատերազմն այս փուլում, կարծես թե, լուծվում է Սամվել Կարապետյանի շնորհիվ: Այսօր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանն օրվա հերոսն է։ Մեծ հաշվով նա կարողացավ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված հայ գործարարներին փրկել սնանկացումից։ Թե ինչ է նշանակում սա, երեւի թե բացատրելու կարիք չկա։ Դա ուղիղ հարվածելու էր Հայաստանին եւ հայ գյուղացուն, որն առանց այն էլ գտնվում է դժվար վիճակում։

Ազգությամբ ադրբեջանցիներ, Մոսկվայի գյուղատնտեսական շուկաների տերերը Տավուշի պարտությունից հետո երկրորդ ճակատը բացեցին, որը կարող էր զգալի կորուստ պատճառել մեզ»։

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրել է․ «Մինչ սորոսականները սահմանում սելֆիներ են անում, իսկական հայերը խնդիրներ են լուծում նույնիսկ Մոսկվայում:Հայկական ծիրանի հարցը էս տղեն լուծեց»։

Քաղաքագետ Արա Վարդանյանը գրում է․ ․«Իսկ գիտե՞ք, որ` ռուսաստանյան, և հատկապես մոսկովյան շուկայում գյուղատնտեսական ( ընդհանրապես` սննդի, և մասնավորապես ծիրանի ) ապրանքների մասով ադրբեջանցիների հետ կռիվը նոր բան չէ:

Տեղյակ ե՞ք` իհարկե ոչ...

Տեղյակ չեք, որովհետև նախկինում, տարիներ շարունակ Էկոնոմիկայի նախարարություն կար, գյուղատնտեսության նախարարություն կար, իսկ Ռուսաստանում` Հայաստանի առևտրական ներկայացուցչություն կար, որոնք սուս ու փուս, առանց աղմուկի և ավելորդ փիառի` իրենց ռուսաստանյան գործընկերների հետ, մի երկու զանգով լուծում էին այդ հարցերը:

Նախկինում Երևանի քաղաքապետ կար, որն իր մոսկովյան գործընկերոջ հետ լուծում էր այդ հարցերը:

Իսկ հիմա՞ ...

Ոչ նախարարություններ կան, ոչ նախարարներ, ոչ` քաղաքապետ, առևտրական ներկայացուցչությունն էլ ընդհանրապես վերացրել են: Թեկուզ եթե ձևի համար նախարարներ կան, և բոլ-բոլ պարգևավճար են ստանում` ու՞մ են պետք, ի՞նչ են անում, ու՞մ զանգեն, ու՞մ հետ խոսեն, ո՞վ է սրանց զանգին պատասխանելու, կամ բանի տեղ դնելու:

Հ.Գ.. Շնորհակալ եմ պարոն Սամվել Կարապետյանին։ Մարդ ով միշտ կանգնած է հայության կողքին»։

Օգտատեր Զոհրաբ Եգանյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ Կարապետյանը միայնակ ավելին է անում, քան մեր բոլոր գործարարները միասին։

Նշենք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր: Մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չէին կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: