Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 40 մլն դոլար հավաքած 100-ամյա բրիտանացի վետերանին ասպետի կոչում է շնորհել (տեսանյութ, լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը նախօրեին ասպետի կոչում է շնորհել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, բրիտանացի Թոմ Մուրին, որը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 32,8 մլն ֆունտ (40 մլն դոլար) էր հավաքել բրիտանական հիվանդանոցների համար, գրում է Daily Mail-ը։
Ինչպես գրում է աղբյուրը, Մեծ Բրիտանիայի բարձրագույն պետական պարգևներից մեկի՝ ասպետի կոչման հանձման արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով Վինձորի ամրոցում տեղի է ունեցել բաց երկնքի տակ։
Իրադարձությանը հրավիրված են եղել լրատվամիջոցի ներկայացուցիչներ, որոնց հրապարակած լոսանկարանրում և տեսագրություններում երևում է, որ Մեծ Բրիտանիայի միապետը իրականացրել է արարողությունը, ապա սեղմել Մուրի ձեռքը և շնորհակալություն հայտնել նրա կատարած անգնահատելի գործի և նվիրվածության համար։
Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է։ Նա մասնակցել է երկրի առողջապահության ազգային ծառայության համար դրամահավաքի ակցիային։ Ակցիայով հետաքրքրվել են լրատվամիջոցները, և Մուրը դարձել է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշը:















